Անցած գիշեր Հայաստան է Ռուսական Sputnik V պատվաստանյութի 15 000 դեղաչափ՝ 7500 մարդու համար։
Նախատեսված է այս խմբաքանակով պատվաստել ռիսկի խմբերում ներառված մարդկանց՝ 65 և բարձր տարիքի մարդկանց, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդներին, բուժաշխատողներին, ծերանոցների բնակիչներին և աշխատակիցներին, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներին։
Պատվաստումը կլինի կամավոր և անվճար, բայց առայժմ միայն վերոհիշյալ չորս խմբերի համար։ Մյուսների պատվաստման ժամկետները պարզ կլինեն պատվսատանյութի հաջորդ խմբաքանակի ներկրումից կախված։
«Սպուտնիկ V»-ի յուրաքանչյուր երկու դեղաչափի համար Հայաստանի կառավարությունը վճարել է 19 դոլար:
Անդրադառնալով պատվաստանյութի՝ Հայաստանում գրանցված չլինելու հարցին, Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ«Sputnik V» պատվաստանյութը պաշտոնական կիրառման թույլտվություն ստացել է փետրվարի 1-ին: Սա համարվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն: Հայաստանում, ինչպես նշել է Խաչատրյանը, կարգ կա, ըստ որի՝ բոլոր դեղերը չեն, որ պետք է պարտադիր գրանցվեն, հետո կիրառման թույլտվություն ունենան:
«Ելնելով երկրում արտակարգ դրությունից՝ «Sputnik V»-ին տվել ենք կիրառման թույլտվություն՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը»,- նշել է Խաչատրյանը։
Երեկ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ցանկանում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ։ Պուտինն էլ ասել էր, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել արտադրության ծավալները: