Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնին արդեն մեկ շաբաթ է հացադուլ է անում՝ բուժօգնության և դեղորայքի պահանջով։ Նրա փաստաբանի՝ Օլգա Միխայլովայի փոխանցմամբ, Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։
Նախօրեին քաղգործչին շնչառական հիվանդությամբ տեղափոխել են կալանավայրի բուժկետ․ ճողվածքին գումարվել է նաև բարձր ջերմությունը։ Ֆելդշերը նրան դիկլոֆենակ և նիացին է առաջարկել, որոնք, ինչպես նշում է փաստաբանը, բժշկության մեջ չեն օգտագործվում արդեն 30 տարի։ Մինչ այդ գաղութի բուժաշխատողները նրան կա՛մ չէին բուժում, կա՛մ առաջարկում էին բավարարվել իբուպրոֆենով։ Ընդդիմադիրն, ի դեպ, ավելի վաղ հայտնել էր, որ 15 հոգանոց խցից երեք հոգու մոտ արդեն իսկ թոքախտ է արձանագրվել։
Ապրիլի 6-ին Նավալնու բուժող բժիշկը՝ «Բժիշկների դաշինք» արհմիության ղեկավար Անաստասիա Վասիլևան, գործընկերների հետ եկել էր կալանավայր՝ պահանջելու տեսակցության և բուժզննության թույլտվություն։ Բժիշկներին բերման էին ենթարկել, պահանջը՝ մերժել։
Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, ինստագրամի իր էջում նախօրեին հրապարակել է ամուսնու կալանավայրի պետին ուղղված նամակը․
— Երեկ «պետից» նամակ ստացա։ Դուք ծիծաղում եք երևի, բայց նա այդպես է ստորագրում։ «Բարեհամբույր համակենտրոնացման ճամբարի» պետից։ Պետը բարեհաճել է իր շատ լարված գրաֆիկում (ընդունելության շաբաթական երկու ժամ) ժամանակ գտնել և տեղեկացնել ինձ, թե ամուսինս որտեղ է գտնվում։ Նա նաև որոշել է, որ իր հրամանները տարածվում են ոչ միայն կալանավորների, այլև նրանց ընտանիքի անդամների վրա։ Գրում է ինձ, որ փնտրեմ Ալեքսեյի անձնագիրը, թե չէ նրան պայմանականով չի ազատի (ես էլ դե մտածում էի՝ կազատի) և հիվանադանոց չի պառկեցնի։
Քաղաքացի պետ, բա կանոնադրությունն ու խիղճը Ձեզ ո՞նց թույլ տվեցին մարդուն առանց անձնագրի բանտ մտցնել։ Առանց անձնագրի բանտ խցկեցիք, իսկ հիվանդանոց՝ միայն անձնագրո՞վ։ Գուցե անձնագիր փնտրելու փոխարեն զբաղվեք, ինչպես դուք եք անվանում, «կոնտինգենտի» առողջությա՞մբ։ Ես կարդացել եմ, որ Ձեզ մոտ մարդիկ մեկը մյուսի հետևից են հիվանդանոց ընկնում։ Կամ ստիպեք ձեր տարածքում ազատորեն թրև եկող պրոպագանդիստներին, որ դիմակ կրեն։
Ահ, բայց գիտե՞ք՝ իզուր եմ երևի Ձեզ զրպարտում։ Դուք ախր անգամ կոնֆետ եք բաժանում կալանավորներին։ Ավելի կոնկրետ՝ թաքուն դնում։ Այս զվարճանքը ձեզ մոտ բոլորի՞ հետ է, թե՞ միայն հացադուլ անողների։ Ահա ևս մեկ թույն պատմություն։ Լսել եմ՝ այս շաբաթ-կիրակի էլեկտրական պլիտա եք բերել տեղամաս ու հավ տապակել։ Հավը ոնց որ թե արգելված է զոնայում։ Ի՞նչ է պատահել։ Կաթոլիկ Զատի՞կն էիք նշում, թե՞ ամենաբարի պետի օրը։ Չէ, կարծում եմ․ այսպիսի առատաձեռնությունները ձեզ մոտ միայն մեկ կալանավորի համար են։ Դուք նրան ու՞մ տեղն եք դրել։ Ի՞նչ է, մտածում եք՝ նա կվազի հավի հոտի վրա՞։
Բա ընտանիքի լուսանկարների հե՞տ ինչ եղավ։ Մենք ֆոտոալբոմներն ուղարկում ենք, նա նորից է խնդրում։ Էլի ենք ուղարկում, էլի է խնդրում։ Ձեր տանը ֆոտոալբոմները քչությու՞ն են անում։ Ասեք՝ հատուկ ձեզ համար առնենք։ Ուրիշների՞նն ինչու եք վերցնում։ Թե՞ ձեզ Դաշայի ու Զախարի լուսանկարներն են այդքան դուր գալիս։
Իսկ եթե լուրջ, ուզում եմ ասել Ձեզ՝ թքեք այդ անձնագրի վրա, գնացեք բանտային հոգեբանի մոտ, կիսվեք նրա հետ Ձեր խնդիրներով՝ որ ուզում եք ուրիշների երեխաների նկարները նայել։ Կամ էլ գոնե թաքուն տեղադրված հավն ու կոնֆետները կերեք (ինչ ամոթ, որ կալանավայրի պետն այսպիսի բաներով է զբաղվում)։
Եվ մի մոռացեք, քաղաքացի պետ՝ եթե Ալեքսեյի հետ վատագույնը տեղի ունենա, ապա նրա մահը ձեր ու Պուտինի խղճին է մնալու, բայց ձեր Պուտինը ձեզ եղած-չեղածով կհանձնի, մի հատ էլ վատամարդ կհանի։
Մեջքի ցավերը, ըստ Նավալնու, սկսվել են կալանավորումից հետո։ Ժամանակի ընթացքում իրավիճակը վատթարացել է։ Բացի նրանից, որ քաղբանտարկայլին (ինչպես նաև մյուս զէկերին) բուժօգնություն չի տրամադրվում, բանտի վարչակազմը նրան տարօրինակ կտտանքի է ենթարկում՝ արթնացնելով գիշերը մոտ 8 անգամ, և պարբերաբար պատժելով անհեթեթ «խախտումների» (օրինակ՝ փաստաբանների հետ «ֆուտբոլկայով» հանդիպելու կամ արթնանալու հրամանից շուտ արթնանալու) համար։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնավյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։