Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում այս տարվա օգոստոսին փորձել էին թունավորել, պնդում է, որ գիտի` ովքեր են կազմակերպել և իրականացրել մահափորձը․ հետաքննող լրագրողները փաստացի արդեն բացահայտել են իր թունավորման գործը, գրում է Радио Свобода-ն։
Նավալնին պնդում է, որ խոսքը Անվտանգության Դաշնային Ծառայության մի խումբ աշխատակիցների մասին է, որոնց «հրամաններ է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»։
«Ես գիտեմ՝ ովքեր են ցանկացել ինձ սպանել։ Ես գիտեմ, թե որտեղ են նրանք ապրում։ Գիտեմ, թե որտեղ են աշխատում։ Ես գիտեմ նրանց թե իրական, թե կեղծ անունները։Ես ունեմ նրանց լուսանկարները», – հայտարարել է ընդդիմադիրը։
Հետաքննության արդյուքները հրապարակված են Նավալնու կայքում։ Հետաքննությունն իրականացվել է Bellingcat խմբի կողմից՝ The Insider-ի, CNN-ի, Der Spiegel-ի և Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մասնակացությամբ։
Bellingcat-ի աշխատակիցները հետաքննել են մի խմբի տվյալներ, որը բաղկացած է երեք անդամից, ենթադրաբար՝ ԱԴԾ աշխատակիցներից, ովքեր գտնվել են Տոմսկում նույն պահին, ինչ Նավալնին՝ այս տարվա օգոստոսին։ Ինչպես նշվում է, այդ խմբի անդամներից մեկը՝ Վլադիմիր Պանյաևը, ներառված է նաև հատուկ ծառայությունների այն խմբում, որը համակարգում է «Նովիչոկի» ստեղծումը․ սա հենց այն նյութն է, որով փորձել էին թունավորել Նավալնուն։ Ինչպես նշում է ընդդիմադիրը՝ Պանյաևը և այդ խմբի ևս երկու անդամ՝ Օսիպովը և Ալեքսանդրովը, գաղտնի կերպով հետևել են նրան ռուսաստանյան իր բոլոր ուղևորությունների ժամանակ՝ սկսած 2017, ինչի մասին վկայում են ավիա- և երկաթգծային տոմսերի տվյալները։
Նավալնին նաև նշել է այլ ենթադրյալ ԱԴԾ աշխատակիցների անուններ, ովքեր մասնակից են եղել իր թունավորման գործողությանը։ Նրանք բոլորը ԱԴԾ դատաբժշկական փորձաքննության հատուկ բաժանմունքից են, որոշներն էլ, ըստ պնդումների՝ բժիշկներ։ Նշված են հետևյալ անունները․ Ստանիսլավ Մակշակով, Օլեգ Տայակին («Տարասով»), Ալեկսեյ Ալեկսանդրով («Ֆրոլով»), Իվան Օսիպով («Սպիրիդոնով»), Կոնստանտին Կուդրյավցեվ («Սոկոլով»), Ալեկսեյ Կրիվոշչեկով, Միխաիլ Շվեց («Ստեպանով»), Վլադիմիր Պանյաև։ Որպես գործողության համակարգող նշվում է Օլեգ Տայակին։
«Բարձրաստիճան ղեկավարների կողմից կառավարվող ԱԴԾ մի ամբողջ բաժանմունք երկու տարի շարունակ իրականացնում է մի գործողություն, որի շրջանակներում մի քանի անգամ փորձում են սպանել ինձ և իմ ընտանիքի անդամներին՝ գաղտնի պետական լաբորատորիայից քիմիական զենք ստանալով։ Նման մասշտաբներ և տևողոություն ունեցող գործողությունը, իհարկե, կարող էր կազմակերպած լինել ոչ այլ ոք, քան ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը, իսկ նա երբեք չէր համարձակվի դա անել առանց Պուտինի հրամանի», – եզրակացնում է Նավալնին, և իր հետ կատարվածն անվանում «պետական ահաբեկչություն»։
Նա նաև պնդում է, որ մի քանի տարի առաջ կատարած իր ուղևորություններից մեկի ժամանակ ունեցել է ախտանիշներ, որոնք նման էին օգոստոսի 20-ի թունավորման ախտանիշներին, իսկ այս տարվա ամռանը Կալինինգրադում նույն ախտանիշներն է ունեցել իր կինը՝ Յուլիան։
Հետաքննությունը չի պատասխանում այն հարցին, թե կոնկրետ ինչպես է թույնը հայտնվել Նավալնու օրգանիզմում։ Ընդդիմադիրը նշում է, որ, ինչպես և հայտարարվում էր նախկինում, հավանաբար թունավորվել է Տոմսկի հյուրանոցում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 19-ին։ Ավելի վաղ The Insider-ը առաջ էր քաշել այն վարկածը, ըստ որի «Նովիչոկը» եղել էր այն ներքնաշորի վրա, որն ընդդիմադիրը ուղարկել էր քիմմաքրման։ Եվս մեկ հնարավոր վարկածն այն է, որ թույնը կարող էր ներթափանցել կոկտեյլի հետ, որը Նավալնին մինչև վերջ չէր խմել հյուրանոցի բարում՝ օգոստոսի 19-ի երեկոյան։
Թունավորման փորձի ենթադրյալ կրկնության վերաբերյալ, որի մասին հիշատակում էր Sunday Times-ը, հետաքննությունում ոչինչ չի ասվում։
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր ընկել Տոմսկ-Մոսկվա օդանավում՝ օգոստոսի 20-ին։ Հետագայում բուժման նպատակով նրան տեղափոխել էին Գերմանիա, որտեղ մասնագետները նրա օրգանիզմում հայտնաբերել էին «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են, քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։