Երեկ՝ հունվարի 31-ին, Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու։ Մի շարք քաղաքներում դաժան բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում երեկ բերման է ենթարկվել 5414 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ։ Այս թիվը, ՕՎԴ ինֆո-ի փոխանցմամբ, ռեկորդային է Ռուսաստանի համար։
Ցուցարարների նկատմամբ մահակներ, գազապղպեղ և էլեկտրաշոկերներ են կիրառվել։ «Նովայա գազետա»-ի փոխանցմամբ, կա հրազենային վիրավորմամբ Վլադիվոստոկի Բժշկական Կենտրոն տեղափոխված քաղաքացի:
https://twitter.com/istories_media/status/1355847864518406146?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1355847864518406146%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fovdinfo.org%2Farticles%2F2021%2F01%2F31%2Fvtoraya-vserossiyskaya-akciya-protesta-svobodu-navalnomu-itogi-31-yanvarya
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա համանման բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել ավելի քան 4000 մարդու Ռուսաստանի 125 քաղաքներից։ Երկու ցույցերի ժամանակ էլ ուժայինները նպատակաուղղված կալանավորում էին զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին։
Հունվարի 31-ի բողոքի ակցիայի համար սահմանված ժամից՝ կեսօրից առաջ, պատմության մեջ առաջին անգամ ցույցերի պատճառով գրեթե ամբողջությամբ փակ էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենտրոնները։ Մետրոյի կայարանները չէին գործում, փողոցների երթևեկությունն արգելափակված էր, մոտակա խանութներն ու ժամանցի վայրերը ժամանակավորապես չէին աշխատում։ Ալեքսեյ Նավալնու թիմի համակարգող շտաբը փորձում էր բողոքի ակցիայի համար նոր վայրեր հայտարարել, ինչը, սակայն, ոչ միշտ էր հաջողվում։ Հաճախ նշանակված վայր գնալով մարդիկ հայտնվում էին ոստիկանական ծուղակում։
Մոսկվայի տարբեր հատվածներում հավաքված ցուցարարները փորձում էին երթով շարժվել դեպի «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարան, որտեղ պահվում է Նավալնին։ Դեպի մեկուսարան գնացող խմբերը մեծամասամբ բերման էին ենթարկվում։ «Մատրոսսկայա տիշինայի» մոտակայքում ևս մեծ թվով քաղաքացիների են ձերբակալել։
Տեղեկություններ ձերբակալվածների մասին
Բերման է ենթարկվել 5414 քաղաքացի։ ՕՎԴ-ինֆոյի տվյալներով, ձերբակալվածներից առնվազն 51-ը դաժան ծեծի է ենթարկվել։
Բերման ենթարկվածների թվում 205 անչափահաս կա։
Ռուսաստանի 31 քաղաքներից ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 93 լրագրող։ Շատերը նշում են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նպատակաուղղված փորձում էին խոչընդոտել իրենց լրագրողական գործունեությանը։
Բերման ենթարկվածների մեծամասնությունը մեղադրվում է բողոքի ակցիայի մասնակցելու կանոնների խախտման, քաղաքային ենթակառուցվածների աշխատանքին խոչընդոտելու մեջ։ Կախված հոդվածից, ցուցարարները կարող են տուգանվել 10-ից մինչև 300 հազար ռուբլիով կամ անազատության մեջ հայտնվել՝ 15-30 օրով։
Ձերբակալությունների շարքը շարունակվում է նաև այսօր։ Սանկտ Պետերբուրգում, օրինակ, բերման է ենթարկվել քաղաքացին, ում վրա երեկ ոստիկանը իր վրա հաշվառված ատրճանակն էր պահել։ Լուսանկարը, որում ոստիկանը զենքը ցուցարարի վրա է պահել, ակտիվորեն շրջանառվում է սոցիալական ցանցերում։ 32-ամյա տղամարդը մեղադրվում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։
https://twitter.com/fontanka_news/status/1355842287083921413?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1355842287083921413%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Flive%2Fnews-53826393