Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հրապարակած ֆիլմը, որի համաձայն Պուտինը Գելենջիկում հսկայական առանձնատուն ունի։
17 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող պալատը, որը Նավալնին անվանում է «Ռուսաստանի ամենամեծ մասնավոր բնակելի տուն», գտնվում է Գելենջիկ քաղաքից ոչ հեռու։
Պալատից բացի փակ տարածքում կա նաև ծածկված սառցե դղյակ, եկեղեցի, շուրջ 2500 քառակուսի մետրանոց ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն։
Ուսանողների հետ կազմակերպված օնլայն հարցուպատասխանի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնու հրապարակած հետաքննության մեջ ներկայացվող օբյեկտներից և ոչ մեկը իրեն կամ իր ընտանիքին չի պատկանում և երբևէ չի պատկանել։
Նախագահը ֆիլմը որակել է որպես կոմպիլյացիա և մոնտաժ։
«Տեղադրել են իմ՝ բաթըրֆլայ ոճի լողային լուսանկարը։ Այդ ոճով ես վարժ չեմ լողում, բայց սիրում եմ։ Լուսանկարում ինչ-որ բասեյն է, որում ես երբևէ չեմ եղել։ Բայց ես այդպես լողացել եմ։ Որտեղ և ե՞րբ։ Ենիսեյում, 2016 թվականին։ Այսինքն, դա պարզապես կոմպիլյացիա է, մոնտաժ։ Մեր հայտնի հերոսներից մեկի ասած՝ ձանձրալի է, աղջիկներ։ Գոնե էլի ինչ-որ բաներ հորինեին», – ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ հետաքննության մեջ հանդիպող մարդկանցից ոմանց երբևէ չի ճանաչել․ «Այնտեղ հիշատակվող մարդիկ․․․ Որոշներին գիտեմ, ոմանք ընկերներս են, նախկին գործընկերներս, հեռավոր բարեկամներ, ծանոթներ։ Մարդիկ էլ կան, որ բոլորովին չեմ ճանաչում»։
Պուտինը նշել է, որ ֆիլմն ամբողջությամբ չի դիտել։ «Բավարար ազատ ժամանակ չունենալու պատճառով ֆիլմը չեմ դիտել, բայց թերթել եմ օգնականներիս պատրաստած վիդեոընտրանին», – բացատրել է նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ «իբր իրեն պատկանող» առանձնատան մասին տեղեկությունները շրջանառվում են շուրջ 10 տարի․ «Հիմա պարզապես հարմար առիթ էր։ Ամեն ինչ հավաքել են իրար գլուխ ու փորձում են մարդկանց ուղեղները լվանալ»։
Ավելի վաղ ֆիլմը որպես «անհեթեթություն և կոմպիլյացիա» էր որակել նաև նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նավալնու հրապարակած ֆիլմը մեկնաբանելուն զուգընթաց, Պուտինը հայտնել է, որ կցանկանար գինեգործությամբ զբաղվել․ «Այնտեղ տեսածից ինձ մի բան հետաքրքրեց միայն՝ գինեգերծությունը․ ոչ որպես բիզնես, այլ՝ գործունեության տեսակ։ Վեհանձն գործ է, կարծում եմ»։
Ֆիլմում առանձին հատվածներ կային ահռելի գինու այգիների և գինեգործարանների մասին։
Հիշեցնենք, որ ֆիլմը հրապարակվել է հունվարի 19-ին, երբ Գերմանիայում բուժվելուց հետո Ռուսաստան վերադարձած Ալեքսեյ Նավալնին արդեն մեկուսարանում էր։ Այժմ տեսանյութը յութուբում մոտ 87 միլիոն դիտում ունի։
Հունվարի 23-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին՝ ի աջակցություն Նավալնու։ «ОВД-инфо»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի 114 քաղաքներում տեղի ունեցած ցույցերից բերման է ենթարկվել նվազագույնը 2662 հոգի, որոնցից 1045-ը՝ Մոսկվայում, 378-ը՝ Սանկտ Պետերբուրգում։
Հաջորդ զանգվածային ցույցը նախատեսվում է հունվարի 31-ին։