Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «1Adat» տելեգրամ ալիքի համակարգող Սալման Թեփսուրկաևի առևանգման գործով, «Կտտանքների դեմ կոմիտեին» հղվելով գրում է «Կավկազ․Ռեալիին»։
Կազմակերպության իրավաբանները սեփական անկախ հետաքննությունն են իրականացրել, որի արդյունքում ձեռք են բերել ապացույցներ`Թեփսուրկաևի առևանգման գործում Չեչնիայի իրավապահ մարմինների ներգրավվածության մասին։
2020 թվականի սեպտեմբերի 8-ին սոցիալական ցանցերի տարբեր կովկասյան էջերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մերկ չեչնիացի երիտասարդը խոստովանում է, որ տեղի իշխանություններին քննադատող տելեգրամ ալիք է վարում, ներողություն է խնդրում ու նստում շշի վրա։ «Ես պատժում եմ ինքս ինձ ու էստաֆետան փոխանցում եմ 1ADAT ալիքի ադմինին», – հայտարարում է 19-ամյա Սալման Թեփսուրկաևը։
«Կտտանքների դեմ կոմիտեն» ավելի ուշ տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 6-ին Թեփսուրկաևին առևանգում Գելենջիկում գտնվող հյուրանոցից։ Կոմիտեն այդ տեսանյութով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններին պաշտոնական հարցումներ է ուղարկել առևանգման և կտտանքների մասին։
Կոմիտեին հաջողվել էր պարզել առևանգման մասնակիցների անձնական տվյալներն ու մեքենայի համարանիշերը։ Հետաքննության արդյունքում հաստատվել էր, որ մեքենան Չեչնիայի ոստիկանության աշխատակցի է պատկանում։
2020-ի հոկտեմբերին Կրասնոդարի երկրամասի ոստիկանական բաժանմունքը հավաքագրված նյութերն ուղղորդել էր Չեչնիայի ոստիկանություն՝ պատճառաբանելով, որ նշված մեքենան ի վերջո հատել է Չեչնիայի սահմանը։ Քրեական գործ, սակայն, հոկտեմբերին այդպես էլ չհարուցվեց․ չեչենական իրավապահ մարմինների կարծիքով, ներկայացված գործում հանցակազմը բացակայում է։
«Կտտանքների դեմ կոմիտեն» ավելի ուշ ևս երկու անգամ հայցադիմում է ներկայացրել, որոնք նույն պատճառաբանությամբ մերժվել են Չեչնիայի ոստիկանության կողմից։
Ի վերջո կազմակերպությանը հաջողվել է «Նախնական պայմանավորվածությամբ հանցավոր խմբի կողմից մարդու առևանգման» հոդվածով քրեական գործ հարուցել Կրասնոդարի երկրամասի ոստիկանությունում։
1ADAT ընդդիմադիր տելեգրամ ալիքը տեղեկություններ է հրապարակում Չեչնիայի տարածքում տեղի ունեցող առևանգումների ու ձերբակալությունների մասին՝ հիմնվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրների փոխանցած տվյալների վրա։
Ավելի քան չորս ամսվա ընթացքում 1ADAT վեց հազար հետևորդ է ձեռք բերել։ Հեղինակներն իրենց էջը շարժում են անվանում, իսկ իրենց հետևորդներին՝ «Ռամզան Կադիրովի ռեժիմի դեմ պայքարող մարտիկներ»։ Էջի դաշնակիցների մեծ մասը բնակվում է Չեչնիայում։