Սոցիալական ցանցերի տարբեր կովկասյան էջերում տեսանյութ է հայտնվել, որտեղ մերկ չեչնիացի երիտասարդը խոստովանում է, որ տեղի իշխանություններին քննադատող տելեգրամ ալիք է վարում, գրում է Կավկազ․Ռեալիին։
Տեսանյութում երիտասարդը ներողություն է խնդրում ու նստում շշի վրա։ «Ես պատժում եմ ինքս ինձ ու էստաֆետան փոխանցում եմ 1ADAT ալիքի ադմինին», – հայտարարում է 19-ամյա Սալման Թեփսուրկաև ներկայացած երիտասարդը։
1ADAT տելեգրամ ալիքի ներկայացուցիչը Կավկազ․Ռեալիի հետ զրույցում պատմել է, որ Թեփսուրկաևն ալիքի ադմին չի եղել, Չեչնիայի ընդդիմադիր շարժման ակտիվիստ է, ով մի որոշ ժամանակ համակարգել է ալիքի զրուցարանը։
Կավկազ․Ռեալիի զրուցակիցը նշել է, որ երիտասարդի իրական անուն֊ազգանունն իմացել են «ներողության» տեսանյութից, որը ակտիվիստների չատին ուղարկվել է նրա անձնական էջից։ Շաբաթ օրը երիտասարդը նամակագրության ընթացքում ասել էր, որ «անկեղծացել է կադիրովականի հետ, ու իր հետևից եկել են»։ Այս նամակից հետո Թեփսուրկաևի հետ կապ հաստատել չի հաջողվել։
Ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրահմանովը տեղի ունեցածն արտառոց է համարել «անգամ կադիրովյան Չեչնիայի համար»․ «Եթե մինչ այս այլակարծության համար մեզ տանջում էին, հորինված քրեական գործերով բանտեր նետում, սպանում ու շան պես թաղում ինչ֊որ տեղ, իսկ պատժի վերին տեսակը հանրայնորեն մերկացնել էր, ապա այժմ կադիրովականներն Օվերտոնի պատուհանն ընդլայնել են մինչև շշի վրա նստել»։
կավկազ․Ռեալիին դիմել է Չեչնիայի նախագահին կից գործող մարդու իրավունքների պաշտպանին։ Օմբուդսմենի գրասենյակը փոխանցել է, որ իրենք կատարվածի մասին տեղյակ են, բայց ոչ տուժածը և ոչ էլ տուժածի հարազատներն իրենց չեն դիմել։
1ADAT ընդդիմադիր տելեգրամ ալիքը տեղեկություններ է հրապարակում Չեչնիայի տարածքում տեղի ունեցող առևանգումների ու ձերբակալությունների մասին՝ հիմնվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրների փոխանցած տվյալների վրա։
Ավելի քան չորս ամսվա ընթացքում 1ADAT վեց հազար հետևորդ է ձեռք բերել։ Հեղինակներն իրենց էջը շարժում են անվանում, իսկ իրենց հետևորդներին՝ «Ռամզան Կադիրովի ռեժիմի դեմ պայքարող մարտիկներ»։ Էջի դաշնակիցների մասը բնակվում է Չեչնիայում։