Հունիսի սկզբներին Վիեննայում սպանված չեչեն բլոգեր Մամիխան Ումարովի (առավել հայտնի որպես «Անզորը Վիեննայից») սպանության մեղքն իրենց վրա են վերցրել Չեչնիայի Մեսքեր Յուրթ գյուղում բնակվող նրա հարազատները։
Ռամզան Կադիրովին քննադատող բլոգերի հարազատները տեսաուղերձ են նկարահանել, որում փաստացի հանցագործության խոստովանություն են անում։
«Մեր ցեղից էր Եվրոպայում ապրող այդ շունը՝ Մամիխան Ումարովը։ Մինև հարցերը չլուծեցինք, մեզ ցույց չէինք տալիս։ Փորձում էինք կապ հաստատել ու կանգնեցնել նրան։ Ասում էինք, որ դադարեցնի, էլ չանի։ Նա պատասխանում էր, որ Եվրոպական հատուկ ծառայություններն իրեն հանգիստ չեն տալիս, հենց նրանց պահանջով է այդ ամենը խոսում», – սոցիալական ցանցերում տարածվող հոլովակում չեչեներենով հայտնում է Ումարովի մոտ ազգականը։
Նրա խոսքով, հենց այդ ժամանակ Ումարովի հարազատները «հասկացան, որ նրան պետք է կանգնացնել ամեն գնով»։
«Մենք նրան կանգնացրեցինք, քանի որ պարտավոր էինք։ Եվրոպայում մարդկանց առանց պատճառի ձերբակալել են սպանության մեղադրանքով։ Ինչ արվել է՝ մեր կողմից է արվել։ Մե՛նք պետք է անեինք։ Մի տանջեք մարդկանց, հանգիստ թողեք», – հայտարարում է Ումարովի ազգականը։
Ուղերձին միացել էին նաև սպանվածի հորեղբայրն ու մորեղբայրը։
«Մենք հավաքվել ենք, որպեսզի դիմենք հանրապետության ժողովրդին ու նախագահին, ներողություն խնդրենք։ Ինչ վիրովորական բան ասել է՝ մեր դեմ է ասել», – հավելում են սպանվածի հարազատները։
- Ումարովին սպանել են հունիսի չորսին՝ Վիեննայի արվարձանում գլխին հասցված հրազենային կրակոցով։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել են չեչեններ Սարալի Ախտաևը և Սալման Մահամեդովը։
- Սպանության գործը քննվում է Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ավստրիական գերատեսչությունում։ Սպանության մոտիվները դեռևս հայտնի չեն։ Չի բացառվում նաև քաղաքական վրեժխնդրության տարբերակը։ Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը խոստացել է գտնել սպանության պատվիրատուին։
- Ումարովն իր բլոգում կոշտ քննադատության էր ենթարկում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին ու նրա մտերիմներին։
- Կադիրովը Ումարովի և այլ չեչենական քաղէմիգրանտների սպանության մեջ մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայություններին։