25 տարի առաջ՝ 1995 թվականի ապրիլի 7-8-ը, Ռուսաստանի դաշնության Ներքին գործերի նախարարության զինված խմբավորումները Չեչնիայի Սամաշկի գյուղում «մաքրման» օպերացիա իրականացրեցին։ Արդյունքը՝ ավելի քան 100 սպանված խաղաղ բնակիչներ, այնուհետև՝ քառորդ դար անպատժելիություն։
Չեչնիայում ՆԳՆ զինված ուժերի փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Անատոլի Ալեքսանդրովիչ Անտոնովի խոսքով (սա կեղծանուն է, իրական անունը՝ Անատոլի Ալեքսանդրովիչ Ռոմանով), դա Չեչնիայում «ՆԳՆ ուժերի վարած առաջին ամբղջությամբ ինքնուրույն գործողությունն էր պատմության մեջ»։ ՆԳՆ զինված ուժերի հրամանատարի պաշտոնում նա 1993 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Մոսկվայում «փոքր քաղաքացիական պատերազմի» ժամանակ, ղեկավարել է Սպիտակ տան մոտ զինված ուժերի օպերացիան։
Սամաշկին մեծ գյուղ է՝ ավելի քան երկու հազար տնտեսություններով։ Բնակչությունը շուրջ 15 հազար էր, պատերազմից հետո շատերը փախան գյուղից, մնաց մոտ 5 հազար բնակիչ։
Ինչն էր «մաքրման» օպերացիայի դրդապատճառը։ Դումայի Չեչնիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը պնդում էր, որ Սամաշկիում էր բնակվում Ջոհար Դուդաևի թեյփը։ Այն ժամանակ ռուսական շատ պաշտոնյաներ էին հանկարծ կովկասագետներ դառնում ու թեյփերի մասին խոսում։ Այո, Սամաշկիի հազարավոր տնտեսությունների շարքում ապրում էին նաև Յալխորոյ թեյփի մի քանի ընտանիքներ, հետո՞։
«Մաքրման» այլ պատճառներ էլ էին նշվում, օրինակ՝ «ռուսներին չեչենական ստրկությունից ազատելը»։ Չեչենական ընտանիքներում աշխատող չորս ռուսները, սակայն, օպերացիայի արդյունքում սպանվեցին։
Սովորական խոշոր չեչենական գյուղ էր։ Այո, շրջակայքում ռազմական բախումներ լինում էին։ Դաշնային ուժերը փորձում էին գյուղ մտնել։ Դաշնային ուժերի կողմից Գրոզնու գրավումից հետո, Սամաշկիում Իչկերիայի կողմնակիցների մեծ զինված ստորաբաժանում կար (օպերացիայի ողջ նախապատմությունը ներկայացված է «Մեմորիալ» իրավապաշտպանական նախաձեռնության զեկույցում)։
Բայց 1995 թվականի ապրիլի սկզբի գործողությունները, կարծես, այլ տրամաբանություն ունեին։
Ապրիլի 6-ին Սամաշկին երկընտրանքի առաջ կանգնացրեցին․ կամ գյուղը 264 ավտոմատ է հանձնում, կամ հատուկ ստորաբաժանումները մտնում են գյուղ։ Գյուղի ավագները բանակցություններ էին վարում զինյալների հետ։ Այդ բանակցություններից վերադառնալու ճանապարհին նրանց գնդակահարում են՝ մեղքը գրոհայինների վրա գցելով։ Այո, «հետճշմարտություն» կոչվածը զինվորականների ու պրոպագանդիստների սովորական գործիքներից էր։
Այդ ժամանակ արդեն սկսվում է գյուղացների գաղթը, հեռանում է նաև գրոհայինների մի մեծ ջոկատ։
Ապրիլի 7-ի երեկյան գյուղի փողոցները լիքն էին Ներքին գործերի նախարարության հատուկ խմբավորումներով։ Նրանք արդեն գյուղն անցել էին, երբ քաոտիկ, անկազմակերպ դիմադրության հանդիպեցին։ Սամաշկիում մնացած մոտ չորս տասնյակ գրոհայինները կրակ բացելով հետ էին քաշվում։ 4 գրոհային էր զոհվել ու 14-16 «դաշնային»։ «Հետճշմարտությունն» այնուհետև այս մարտը ներկայացրեց որպես Շամիլ Բասաևի Աբխազական գումարտակի դեմ պայքար, որում ավելի քան 350 դաշնային զինծառայող էր վիրավորվել (իրականում այդ թիվը 44-52 է)։
Ապրիլի 8-ին սկսվում է պատժիչ գործողությունը։ Զորքերը մի քանի փողոցներով առաջ էին շարժվում, առանց որևէ դիմադրության։ Սպանում էին խաղաղ բնակիչներին, այրում տները։ «Մեմորիալ» իրավապաշտպանական նախաձեռնության ներկայացուցիչներին հետագայում հաջողվում է մանրամասն պարզել սպանված բոլոր 103 բնակիչների մահվան հանգամանքները՝ մանրակրկտորեն հավաքագրելով ու համադրելով վկայություններն ու ապացույցները։ Ավելի քան 100 բնակիչների բռնի տարել էին զտման կետեր, որտեղ դաժան կտտանքների ու ծեծի էին ենթարկում։
Որո՞նք եղան հետևանքները։
Սամաշկիի ռազմական գործողությունները չեղարկեցին գերիների նախատեսվող փոխանակությունը։ Փաստացի, անխուսափելի էր դարձել պատերազմի անցումն ահաբեկչական փուլի․ ճանապարհն արդեն դեպի Բուդյանովսկ էր տանում։ Գրոհայինները Սամաշկիից հեռացան, իսկ ավելի հարավ գտնվող Օրեխովոյից, Բամուտայից, Ստառիյ Աշխոյից բնակիչները փախան, գյուղերը թողնելով իչկերիացիների ջոկատներին․ մարտերն այստեղ շարունակվեցին ևս մեկ տարի։
Միանգամայն կանխատեսելիորեն, ռազմական գործողություններից հետո իրականացված «ռազմա-մարտավարական փորձաքննությունը» ուժայինների գործողությունները օրինաչափ համարեցին։
Բայց հիշողությունը մնում է։ Չեչենները գուցե չեն բարձրաձայնում, բայց հիշում են Սամաշկին։
Իսկ արդարադատություն չեղավ, ոչ այդ ժամանակ, ոչ էլ՝ հետո։ Չնայած, ինչպե՞ս ասել։
Սամաշկիի գործողության հրամանատար Ռոմանովը ծանր վիրավորվել էր Գրոզնում ֆուգասի պայթյունի արդյունքում՝ 1995 թվականի հոկտեմբերի 6-ին։ Հրաշքով ողջ է մնացել։ Ռազմական բժշկությունը միջոցներ չի խնայել նրա բուժման համար։ Հարազատների խոսքով, այժմ, նա արձագանքում է որոշ ազդակների։ ՆԳՆ խմբավորման հրամանատար Միխաիլ Միխաիլովիչ Ալեքսեևը (սա ևս կեղծանուն է, իրական անունը՝ Նիկոլայ Վասիլևիչ Սկրիպնիկ) զոհվել է 1996 թվականի հուլիսի 11-ին՝ Գեղի գյուղի գործողությունների ժամանակ։
Նախախնամությանն ու փոխհատուցմանը հավատացողները կարող են իմաստ տեսնել այս ամենում։ Բայց արդարադատության հետ դա որևի կապ չունի։
աղբյուրը՝ «Էխո կավկազա»