Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում այսօր տեղի է ունեցել նոր մզկիթի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են նախագահ Ռամզան Կադիրովի մի շարք դաշնակիցներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և ազգականներ։
Մզկիթը նախատեսված կլինի շուրջ 2 հազար հավատացյալների համար, ապահովված կլինի աղոթքի և լվացման համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։
Շինարարական աշխատանքների համակարգմամբ կզբաղվի Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի օգնական Ամրուդի Էդիլգիրիևը։
Չեչենական grozny.tv պետական հեռուստաալիքի փոխանցմամբ, նոր մզկիթը «հանրապետության բնակիչների խնդրանքով» կանավանակոչվի Ռամզան Կադիրովի անունով՝ «ի հակառակ վերջինիս ցանկության»։
grozny.tv-ն գրում է, որ Ռամզան Կադիրովը «կտրականապես դեմ է այդ գաղափարին», բայց «հասարակությունը, հոգևորականությունն ու նախագահի դաշնակիցները միակարծիք պնդում են, որ Գրոզնի քաղաքում կառուցվող սրբավայրը պետք է կրի մի մահմեդականի անուն, ով իր կյանքը նվիրել է ժողովրդի ծառայությանն ու մզկիթների շինարարությանը»։
Հեռուստաընկերության փոխանցմամբ, նոր մզկիթը նախագահի անունով կոչելու կողմնակիցներն իրենց ցանկությունը մեկնաբանելիս նշում են, որ Ռամզան Կադիրովը՝ «իր բարձր բարոյական սկզբունքների և անսահման բարեգթության շնորհիվ, արդեն վաղուց արժանացել է Գրոզնիի բնակիչների համար իր դռները բացած սրբավայրն իր անունով կոչելու պատվին»։
Կարևորվում է նաև այն, որ Կադիրովի՝ «իր կրոնի նկատմամբ անասելի սերը պտուղներ է տալիս ոչ միայն Չեչնիայի հանրապետության տարածքում, այլև դրա սահմաններից դուրս»․ Երուսաղեմի Աբու-Գոշ չեչենական գյուղում 2014 թվականին բացված մզկիթը, սիրիական Հոմս քաղաքում ռազմական գործողությունների արդյունքում ավիրված և Կադիրովի ջանքերով վերականգնված Խալիդ Իբն Վալիդի անվան մզկիթը, Հալեպում վերականգնված Օմեյյադով մզկիթը, Ռուսաստանի տարբեր շրջաններում և Անդրկովկասում Կադիրովի նախաձեռնությամբ կառուցված մզկիթները։ Միայն 2020 թվականին Չեչնիայի հանրապետության տարածքում 32 մզկիթ է կառուցվել, ևս 70-ի շինարարական աշխատանքները շարունակվում են։
«Բոլոր իմաստներով ծանր 2020 թվականից հետո, Չեչնիայի հանրապետությունը 2021 թվականը սկսում է նման աստվածահաճո արարողությամբ», – գրում է grozny.tv-ն։