Սալման Թեփսուրկաևը վտանգի մեջ է, իսկ նրա մասնակցությամբ նոր տեսանյութերը միայն հաստատում են, որ երիտասարդն ուժայինների ձեռքերում է․ այդ բոլոր տեսաուղերձները նրա կամավոր անհետացման լեգենդի հաստատման համար են, կարծում են բլոգեր Թումսո Աբդուրահմանովը և «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի ղեկավար Սվետլանա Գաննուշկինան։
Սոցիալական ցանցերի տարբեր կովկասյան էջերում սեպտեմբերի 8-ին տեսանյութ էր հայտնվել, որտեղ մերկ Սալման Թեփսուրկաևը խոստովանում է, որ տեղի իշխանություններին քննադատող տելեգրամ ալիք է վարում, ներողություն է խնդրում ու նստում շշի վրա։ «Ես պատժում եմ ինքս ինձ ու էստաֆետան փոխանցում եմ 1ADAT ալիքի ադմինին», – հայտարարում է 19-ամյա երիտասարդը։
1ADAT ընդդիմադիր տելեգրամ ալիքը տեղեկություններ է հրապարակում Չեչնիայի տարածքում տեղի ունեցող առևանգումների ու ձերբակալությունների մասին՝ հիմնվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրների փոխանցած տվյալների վրա։
Ավելի քան չորս ամսվա ընթացքում 1ADAT֊ը վեց հազար հետևորդ է ձեռք բերել։ Հեղինակներն իրենց էջը շարժում են անվանում, իսկ իրենց հետևորդներին՝ «Ռամզան Կադիրովի ռեժիմի դեմ պայքարող մարտիկներ»։ Էջի դաշնակիցների մեծ մասը բնակվում է Չեչնիայում։
«Կտտանքների դեմ կոմիտեն» տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 6-ին Թեփսուրկաևին առևանգում Գելենջիկում գտնվող հյուրանոցից։ Կոմիտեն այդ տեսանյութով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններին պաշտոնական հարցումներ է ուղարկել առևանգման և կտտանքների մասին։
Գելենջիկի հյուրանոցի աշխատակիցը պատմել է, որ Թեփսուրկաևը թաքնվում էր սև շորերով ինչ֊որ մարդկանցից, բայց մի քանի ոչ ռուսերեն նախադասություններից հետո ենթարկվել ու համաձայնել է գնալ իրենց հետ։ Քաղաքային ոստիկանությունը հետաքննություն չսկսելը բացատրում է հանցագործության մասին հայտարարության բացակայությամբ։
Վերջին տեսանյութում Թեփսուրկաևը հայտնում է, որ ինքը պատժվում է «ուրիշների մայրերի ու քույրերի մասին վիրավորական բանաստեղծություններ» գրելու համար։ 1ADAT ալիքի գլխավոր խմբագիրը վստահեցնում է, որ Թեփսուրկաևի առևանգման պատճառը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մտերիմների մասին գրված «Դելիմհանովների ընտանիքը» բանաստեղծությունն է։
Սալման Թեփսուրկաևը չեչենական ուժայինների ձեռքերում է, նրա մասնակցությամբ տեսանյութերը նկարահանվում են ստիպողաբար, կարծում է բլոգեր Թումսո Աբդուրահմանովը․ «Թեփսուրկաևն ազատության մեջ չէ, հոլովակներն ինքնուրույն չի ձայնագրում։ Նրանց ձեռքերում է․․․ նրանք են խոսում՝ երիտասարդի միջոցով»։ Բլոգերը կարծում է, որ երիտասարդի կյանքը խիստ վտանգված է։
«Չեմ բացառում, որ նրան կարող են սպանել ու պատասխանատվությունը գցել նրանց վրա, ում Թեփսուրկաևն անարգում էր՝ նշելով, որ դա վրեժ է։ Կամ կարող են ինքնասպանության տպավորություն ստեղծել։ Կամ կարող են ասել, որ հարազատներն են սպանել՝ ցեղը խայտառակելու համար։
․․․Չեն կարող ուղղակի ազատ արձակել։ Չեչնիայում երիտասարդն ապագա չունի, ստիպված է լինելու հեռանալ երկրից։ Իսկ ապահով երկրում հայտնվելով, կարող է ազատորեն խոսել իր հետ կատարվածի մասին», — կարծում է Աբդուրահմանովը։ Նրա պնդմամբ, երիտասարդին օգնել հիմա կարող է միայն Ռուսաստանը, միայն պաշտոնական Մոսկվան կարող է ապահովել Թեփսուրկաևի անվտանգությունը․ «Հասարակական ճնշում է պետք Կրեմլի նկատմամբ»։