1944 թվականի փետրվարի 23-ը ողբերգական ամսաթիվ է չեչենների, ինգուշների և Հյուսիսային Կովկասի այլ ժողովուրդների համար։ 77 տարի առաջ այս օրը Ստալինի որոշմամբ հարյուր հազարավոր մարդիկ, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ ու տարեցներ, աքսորվել են Սիբիրի ու Ղազախստանի սառցե տափաստաններ։ Աքսորյալների գրեթե կեսը ճանապարհին մահացել է։
Խորհրդային Միությունում և անգամ ժամանակակից Ռուսաստանում ազգամիջյան թշնամանքի առիթ դարձած այս ողբերգության վերաբերյալ կարելի է երկու բևեռապես տարբեր կարծիք լսել․ «Պետք չէր թիկունքում ապստամբություն բարձրացնել» և «Սա ցեղասպանություն է, որն արդարացում չունի»։
Վերջերս հանրայնացված գաղտնի արխիվային փաստաթղթերը, սակայն, որոշակիություն են մտցնում ավելի քան կես դար շարունակվող այս հակամարտության մեջ։
1921-1940 թվականների ընթացքում Հյուսիսային կովկասի լեռնային հանրապետությունում, իսկ ավելի ուշ՝ Չեչենա֊ինգուշական ինքնավար խորհրդային հանրապետությունում (ՉԻԻԽՀ) նվազագույնը 6 հակասովետական ապստամբություն է տեղի ունեցել։ Չնայած ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) և կանոնավոր բանակի ջանքերին ու բռնաճնշումներին, չեչենական աուլները, հատկապես՝ լեռնայինները, խորհրդայնացնել չէր հաջողվում։ Բնակչությունը շարունակում էր հետևել ցեղական, «թեյփային» հասարակարգին՝ գտնվելով մահմեդական հոգևորականության՝ շեյխերի, և ընդհատակյա նացիոնալիստական կազմակերպությունների դավադրությունների ազդեցության տակ։ Վերջիններս տարածաշրջանում մեծ քանակության զենք էին պահում։
Հայրենական մեծ պատերազմից առաջ Չեչնիայում ուժգնացել էին ապստամբական շարժումները, հակախորհրդային պրոպագանդան և Թուրքիայի հովանու ներքո Կովկասի բոլոր մահմեդականների միավորման պրոպագանդան։ Երիտասարդներին հորդորում էին չմիանալ Կարմիր բանակին ու հրաժարվել ֆաբրիկա֊գործարանային ուսուցման դպրոցներում սովորելուց։
Միայն 1940 թվականին ՉԻԻԽՀ վարչական մարմինների կողմից ձերբակալվել է 1055 ապստամբ, առգրավվել է 839 հրացան ու ատրճանակ։ Նույն ժամանակահատվածում ֆաբրիկա֊արտադրական ուսումնարաններից փախել է ավելի քան 1500 դեռահաս։
Ապստամբական խմբավորումները հիմնականում բաղկացած էին Բանվորագյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) դասալիքներից։ Յուրաքանչյուր հերթական զորակոչի ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ խուսափում էին Կարմիր բանակի հավաքագրումից և փոխարենը համալրում տեղական ապստամբական խմբավորումների շարքերը։
1942 թվականի մարտին դասալիքների և մոբիլիզացիայից խուսափած ՉԻԻԽՀ բնակիչների թիվը հասել էր 13 500-ի։
Այս ամենը հաշվի առնելով, 1942 թվականի ապրիլին Ժողովրդական կոմիսարիատը հրամանագիր արձակեց չեչենների և ինգուշների պարտադիր զորակոչը չեղարկելու մասին։ Մոտ մեկ տարի անց կազմակերպված կամավոր զինահավաքը ևս հաջողությամբ չպսակվեց։ Ընդ որում, ծառայությունից խուսափում էին անգամ Կոմունիստական կուսակցության տեղական ներկայացուցիչները։
Այս ամենից կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե բոլոր չեչեններն ու ինգուշները խուսափել են կռվել Հայրենական մեծ պատերազմում և առհասարակ հակասովետական տրամադրություններ են ունեցել։ Իրականում, սակայն, Չեչենա֊ինգուշական ինքնավար հանրապետության աշխատավորների ճնշող մեծամասնությունը պատերազմական տարիներին շարունակել է աշխատանքը խորհրդային արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում։ Հանրապետությունը մասնակցել է զինամթերքի արտադրությանը, հյուրընկալել է երկրի այլ հատվածներից տարհանված քաղաքացիներին։ Հազարավոր չեչեններ և ինգուշներ համալրել են Կարմիր բանակի շարքերն ու մասնակցել պատերազմական գործողություններին։ Շատերը ռազմական հաջողությունների համար արժանացել են շքանշանների ու պարգևների, նաև՝ հետմահու։ 1944 թվականին զանգվածային բռնաճնշումների ենթարկված ժողովուրնդերի հազարավոր ներկայացուցիչներ պատերազմի ավարտից հետո «հաղթանակած զինվորների» կարգավիճակով վերադարձել են տուն ու․․․ աքսորվել Սիբիր և Ղազախստան։
Պատերազմի մեկնարկից ի վեր գերմանական Կայսերական անվտանգության գլխավոր վարչությունը (ԿԱԳՎ)՝ Երրորդ ռեյխի օկուպացված տարածքների հարցերով զբաղվող նախարարության հետ համատեղ, անջատական շարժումներ էր հրահրում ԽՍՀՄ ազգային հանրապետություններում։ Բեռլինում «ազգային կոմիտեների» շարք էր ձևավորվել, նաև՝ հյուսիս֊կովկասյան։ Դրանք ղեկավարվում էին էմիգրանտների և գերմանացիների կողմն անցած տեղացիների կողմից։
Վերջերս գերմանական արխիվներում հայտնաբերված փաստաթղթերը փաստում են, որ անջատական տրամադրություններ հրահրելու և Հյուսիսային Կովկասում գերմանամետ խմբավորումների միջոցով ռազմական հաջողություններ գրանցելու նախագիծը զգալի արդյունքներ չէր տվել։
Հարկ է նշել, որ լեռնային ապստամբները հատուկ հարգանք էին վայելում գերմանացիների շրջանում․ ֆյուրերը վստահ էր, որ հենց Կովկասն է արիացիների ծննդավայրը։
Տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ֆաշիստական Գերմանիան մտադիր է չեչեններին օգտագործել 1944 թվականի գարնանը նախատեսվող «Հռոմեական թիվ II» օպերացիայում, որի նպատակն էր խափանել արդյունահանված նավթի հասանելիությունը ԽՍՀՄ գործարանների համար։
Այս շշուկներն էլ հենց Խորհրդային իշխանությունների կայացրած դաժան որոշման պատճառ դարձան։ 1944 թվականի փետրվարի 23-ին Չեչենա֊ինգուշական ինքնավար հանրապետության ողջ բնակչությունը աքսորվեց դեպի Սիբիր և Ղազախստան։ Բնակչության փոքր տոկոսը կազմող ապստամբների դեմ պայքարի անվան տակ իր բնակավայրից վտարվեց ավելի քան կես միլիոն հյուսիս֊կովկասցի։ Աքսորյալների թվում էին նաև կանայք, երեխաներ և ծերեր։ Որոշ տվյալներով վտարման դատապարտված քաղաքացիների գրեթե կեսն աքսորավայր այդպես էլ չի հասել։
աղբյուր՝ military.wikireading.ru