«Նովայա Գազետա»-ն փետրվարի 15-ին հրապարակել է Չեչնիայում 2017 թվականին ձերբակալված մարդկանց զանգվածային արտադատական սպանություններիմ առնչվող իր հետաքննության առաջին մասը, որում, ի թիվս շատ այլ բաների, նշվում է, որ բերման ենթարկվածների մի մասին սպանելուց առաջ ստիպել են տեսախցիկի առջև երդում տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, այնուհետև հրաժարվել այդ երդումից։
Կայքը դեռ 2017-ին էր գրել, որ Չեչնիայում հունվարի 26-ին բերման են ենթարկել, իսկ հետո առանց դատավարության սպանել 27 մարդու։
Խմբագրության հաղորդմամբ՝ նրանց մի մասը բերման է ենթարկվել, երբ 2016-ի դեկտեմբերի 17-ին վրաերթի էր ենթարկվել ճանապարհային մի ոստիկան։ Ոստիկանությունն այդ ժամանակ կրակահերթ էր բացել մեքենայի վրա։ Փետրվարի վերջին՝ երկրում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ սկսված հետապնդման շրջանակներում, բերման էին ենթարկվել ևս երեք հոգի, որոնց սպանել էին՝ դաժան կտտանքների ենթարկելով, իսկ դրանից քիչ ավելի ուշ տեղեկություն էր ստացվել նույնասեռականության մեջ կասկածվող ևս մեկ մարդու մասին, ով առևանգվել, այնուհետև սպանվել էր ուժայինների կողմից։
Այսպիսով՝ խմբագրությունը Ռուսաստանի քննչական կոմիտեին 31 մարդու սպանության մասին դիմում էր ներկայացրել։ Կոմիտեն՝ գործը մեկ տարի ուսումնասիրելուց հետո, հաստատել է նրանցից չորսի մահվան փաստը, իսկ երկուսին՝ Մոխմա Մուսկիևին և Շամխան Յուսուպովին, իբր թե ողջ է գտել և անգամ վկայություններ վերցրել նրանցից։ Սակայն հարցաքննության տեսանյութերն ու երկու երիտասարդների լուսանկարները համեմատելիս պարզ է դառնում, որ հարցաքննել են ոչ թե նրանց, այլ նրանց եղբայրներին։
Ցուցակից ևս 3 հոգի, ՔԿ պնդմամբ, անհետ կորած են։ Եվս 18 հոգի, ովքեր կրկին ներառված էին ցուցակում, մեղադրանք է առաջադրվել Սիրիայում զինված ահաբեկչական կազմավորումների անդամակցելու մեջ․ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։ Այս որոշումից հետո՝ 2018-ի մարտին, Ռուսաստանի ՔԿ-ն պաշտոնապես հրաժարվել էր քննել քրեական գործ բացելու վերաբերյալ խմբագրության ներկայացրած դիմումը և Չեչնիայի արտադատական սպանությունների գործին այլևս չի անդրադարձել։ «Նովայա Գազետա»-ն պնդում է, որ ապացույցներ ունի, որ վերոհիշյալ բոլոր մարդիկ սպանվել են։
«Նովայա Գազետա»-ն ստացել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ցուցակներ, որոնք ներառում են ձերբակալված շուրջ 170 մարդու տվյալ։ Ցուցակներում ներառված են եղել մահապատժի ենթարկված վերոնշյալ 27 մարդկանցից 26-ը։ Նկարներում երևում է, որ բերման ենթարկվածները պահվում են մի քանի տարբեր հաստատություններում։
Չեչնիայի ուժայիններն առհասարակ հերքում են նշված 31 հոգու բերման ենթարկելու փաստը, սակայն 2017-ի հունվարի 11-ին տեղական լուրերի թողարկման ժամանակ հստակ երևում է բերման ենթարկվածներից մեկը՝ Ադամ Դասաևը, որին հարցաքննում է անձամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Թողարկման մեջ նշվում էր նաև «տասնյակ մարդկանց բերման ենթարկելու» մասին։ Դասաևին սպանել էին հունվարի 26-ին։
Գրոզնիում տեղի ունեցած հարձակման համար «Իսլամական պետությունը» պատասխանատվություն էր վերցրել 2016-ի դեկտեմբերի 20-ին։ ԻՊ կայքում հրապարակվել էր նրանց խմբավորմանը հավատարմություն հայտնելու տեսանյութը։ Դրանից հետո ի հայտ է եկել ձերբակալվածների՝ խմբավորումը լքելու մասին հայտարարելու տեսանյութը։ Երկու տեսանյութերում մասնակիցները նույն հագուստով են։ Սենյակը երկու տեսանյութերում էլ ունի նույն կահավորումը։ Հատկանշական է, որ YouTube-ում առաջին անգամ տեսանյութերը հայտնվել են Facts online ալիքում։ Ալիքը ստեղծվել է 2017 թվականի փետրվարի 13-ին և պարունակում է միմիայն Կադիրովի քննադատներին բացահայտող տեսանյութեր։
«Նովայա Գազետա»-ի հետաքննության բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ ռուսերեն լեզվով։ Խմբագրությունը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նաև հետաքննության երկրորդ մասը։