Ռոսգվարդիայի աշխատակիցները ցրել են Մախաչկալայի արվարձանում գտնվող Կրասնոարմեյսկ գյուղի հանրահավաքը։ 20 քաղաքացիներ բերման են ենթարկվել, երկուսը՝ վիրավորվել են, տասնյակ ցուցարարներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է «Չերնովիկ» թերթը։
Կրասնոարմեյսկի բնակիչները բողոքում էին ընդդեմ շինարարական աշխատանքների, որոնք, ըստ տեղացիների, իրականացվում են իրենց պատկանող հողերի վրա։ Հավաքին մասնակցում էր շուրջ 300 քաղաքացի։
Քաղաքացիները քարեր են նետել շինտարածքը շրջափակած Ռոսգվարդիայի աշխատակիցների ուղղությամբ, որից հետո վերջիններս սկսել են տրավմատիկ զենքով դեպի օդ կրակել։ Հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար ուժայիններն արցունքաբեր գազ, մահակներ և էկեկտրաշոկերներ են կիրառել։
Ռոսգվարդիայի աշխատակիցները մարդկանց բերման էին ենթարկում անգամ սեփական տներից։
Կրասնոարմեյսկի բնակիչներն արդեն ավելի քան տասը տարի ամեն գնով պաշտպանում են հարևան Սամանդեր գյուղի սահմանին մոտ հողատարածքները։ Հակասություններն առաջացել են հողերի շուրջ, որոնք՝ տեղացիների պնդմամբ, իշխանությունները խոստացել էին հատկացնել Չեչնիայից տարհանվածներին։
1944 թվականին դաղստանյան Վերին Ուբեկիմախի գյուղի բնակիչներին վերաբնակեցրեցին Չեչնիայի տարածքում, իսկ 1957֊ին թույլատրեցին վերադառնալ։ Պաշտոնատար անձինք հավաստիացնում են, որ այժմ վիճելի գոտի դարձած տարածքների կարգավիճակը որոշակիացնել հնարավոր չէ, քանի որ համապատասխան արխիվային փաստաթղթերը կորած են։
2000-ականների սկզբներին երկու գյուղերի սահմանին գտնվող հատվածը 49 տարով վարձակալության հանձնվեց այգեգործական ընկերությանը։ Կադաստրային ծրագրի համաձայն, հողակտորները կարող են օգտագործվել բացառապես այգեգործության համար․ շինարարական աշխատանքներ ծավալելն արգելվում է։