Զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին այսօր Միսնկում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի նոր հնգամյա ժամկետով նախագահության անցնելու երդմնակալության արարողությունը, հայտնում է ԲելՏա տեղական պետական լրատվամիջոցը։ Ինագուրացիան գաղտնի է անցկացվել, տեղի և ժամի մասին հանրությանը նախապես չի ասվել, սակայն այսօր առավոտվանից Մինսկի կենտրոնական հատվածը փակ է, ականատեսները պատմում են քաղաքում ռազմական տեխնիկայի և զինվորական ստորաբաժանումների առկայության մասին։
ԲելՏայի փոխանցմամբ, Անկախության պալատում Լուկաշենկոն բելառուսերեն լեզվով կարդացել է երդման տեքստն ու նախագահական վկայագիր ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայից։
Ասվում է, որ երդմնակալության արարողությանը մասնակցել են մի քանի հարյուր գործիչներ, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, ԶԼՄ֊ների խմբագիրներ, գիտնականներ, մշակույթի և սպորտի գործիչներ։ Նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ խոստացել էր ինագուրացիայի ամսաթվի մասին հայտնել արարողությունից առաջ։ Նման հայտարարություն այդպես էլ չի եղել։
Բելառուսի նախագահական ընտրություններն անց են կացվել օգոստոսի 9-ին։ Ընդդիմությունն այդ քվեարկության արդյունքները չի ճանաչել։ Երկրում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Հավաքների մասնակիցները իշխանություններին մեղադրում են աննախադեպ ընտրախախտումների և ցուցարարների նկատմամբ անհամապատասխան բիրտ ուժի կիրառության և անպատժելիության մեջ։ Ցույցերի ընթացքում մահացել է նվազագույնը 4 քաղաքացի, ևս 6-ը մինչ օրս անհետ կորած են համարվում, ավելի քան 100 ցուցարար տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել։ Ձերբակալվածների թիվը հստակ հայտնի չէ։ Իրավապաշտպանները պնդմամբ խոսքը մի քանի հազար քաղաքացու մասին է։
Բելառուսական ընդդիմության առաջնորդներից շատերը ճնշումների և սպառնալիքների պատճառով ստիպված են եղել լքել երկիրը։ Ոմանք անազատության մեջ են։
Լուկաշենկոյի հաղթանակը չեն ճանաճել Եվրամիության մի շարք երկրներ և Եվրախորհրդարանի պատգամավորներ։