Բավարարվել է «Մանկան տան» երեք աշխատակցուհիների կալանավորելու միջնորդությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել սաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Պետական ոչ առևտրային կազմակերպության սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել երեք աշխատակցուհիների, հայտնել է Քննչական կոմիտեն:
«Մանկան տան» աշխատակիցների կողմից հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկատան աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների, ասված է հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, նախատեսում է 3-ից մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է: