Վրաստանում շատերը տեղեկացված չեն ստալինյան բռնաճնշումների մասշտաբների մասին և հպարտանում են Ստալինով, որպես իրենց ազգակից, ով Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոն է զբաղեցրել, պատմում են պատմաբանները։ «Կավկազսկի ուզելի» հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը հաստատել են, որ համակրում են Ստալինին։
Հուլիսի 30-ին շուրջ 20 մարդ մասնակցել է բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որն իրականացվում էր թբիլիսյան մի շենքի դիմաց, որում խորհրդային տարիներին տեղակայված է եղել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը։ Սգո ակցիայի մասնակիցները բռնաճնշումների զոհերի սերունդներն էին, ովքեր պատմում էին այն մասին, թե ինչպես է ստալինյան ահաբեկչությունն ազդել իրենց ընտանիքների վրա։
Ստալինի ծննդավայր Գորիում տեղադրված նրա արձանը 2010 թվականին ապամոնտաժվել է։ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Ստալինի 138-ամյակի օրը, Գորիի կենտրոնական հրապարակում տեղադրվել է նրա կիսանդրին, բայց վրացական կոմունիստները շարունակում են պայքարել արձանի վերականգնման համար։
Խորհրդային պրոպագանդան չի հիշատակել 1930-ականների բռնաճնշումների մասին
Պատմությունից անտեղյակ Վրաստանի բնակիչները կարծում են, որ 1930-ականների բռնաճնշումների հիմնական մեղավորը Բերիան է եղել, ոչ թե Ստալինը, պատմում է Խորհրդային անցյալի հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր, պատմաբան Դավիդ Ջիշկարիանին։
«Ստալինյան բռնաճնշումների մասին 1954 թվականին ձևավորված վրացական նարատիվի հայեցակարգը չի փոխվել։ Վրաստանը ԽՍՀՄ առաջին պետություններից էր, որտեղ սկսեցին խոսել բռնաճնշումների մասին առանց Ստալինի։ Հարցը չուսումնասիրած, համապատասխան գրականություն չկարդացած մարդիկ կարծում են, որ այդ բռնաճնշումներում Բերիան էր մեղավոր, ոչ թե՝ Ստալինը։ Որոշ ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում վարկածը, համաձայն որի, Ստալինը տեղյակ չէր բռնաճնշումների մասին», – պատմում է Ջիշկարիանին։
Նրա խոսքով, պրոպագանդայի տարրեր այստեղ չկան․ «Վերջերս մի ձեռներեց իր բակում Ստալինի արձանն էր դրել։ Սոցցանցերում դա դժգոհություններ էր առաջացրել․ ինչո՞ւ է տեղադրվում հազարավոր վրացիների ճնշումների ենթարկած մարդու արձանը։ Սա պրոպագանդա չէ, Վրաստանն իր հոգսերն ունի»։
Պատմաբանի խոսքով, Վրաստանում Ստալինի նկատմամբ հատուկ վերաբերմունք է․
«Դա առաջնորդի ազգության հետ է կապված և կայսերական հարաբերությունների․ գաղութային ազգը միշտ հպարտանում է նրանով, որ հիմնական գաղութարարն իր ազգից է։ Կոնցեպցիան այսպիսին է․ «Դուք՝ ռուսներդ, գաղութացրեցիք մեզ, բայց հետո մեր վրացին գաղութացրեց ձեզ»», – շարունակում է Ջիշկարիանին։
Խորհրդային պրոպագանդան լռում էր երկրում կատարվողի մասին, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո, պատմում է պատմաբան, հնագետ Գեորգի Ռամազաշվիլին։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրվող մեմուարները կոշտ գրաքննության էին ենթարկվում։ 2005 թվականին «Գրականության հարցեր» ամսագրում լույս տեսավ իմ հոդվածը, որում ներառված էին վետերանների պատմություններն այն մասին, թե ինչպես էին գրաքննում իրենց ինքնակենսագրական աշխատանքները»,- հիշում է Ռամազաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանում իշխանությունները պատմական գիտություններին վերաբերվում են որպես քաղաքական գործիքի՝ «անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխում»։ «Բավական է նշել, որ Սաակաշվիլին՝ չնայած ողջ հակախորհրդային հռետորաբանության, այդպես էլ չընդունեց լյուստրացիայի մասին օրենքը։ Իվանիշվիլին նախընտրում էր շրջանցել այն սյուժեները, որոնք կարող էին ներկայի հետ զուգահեռներ անցկացնելու փորձի տպավորություն ստեղծել։ Երկու դեպքում էլ խնդիր կար կարգավորել այն պատմական թեմաների շուկան, որոնք մեյնսթիմ դառնալու հնարավորություն ունեն», – նշում է հնագետը։
Շատ վրացիներ մինչև հիմա հարգում են Ստալինին
Ստալինը վրացական ժողովրդի շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում որպես հարգված պատմական կերպար։ «Ահա, վրացի Ստալինը ողջ Ռուսաստանն է կառավարում»․- բացատրում է ՌԱՆ Հառավային գիտական կենտրոնի պատմաբան Ամիրան Ուրուշաձեն։
Նրա խոսքով, բռնաճնշումների թեման Վրաստանում դիմադրություն և նույնիսկ ագրեսիա կարող է հարուցել․ «Մի քանի տարի առաջ գերմանացի գիտնականների մի խումբ մասշտաբային աշխատանք էր իրականացնում Վրաստանում Մեծ ահաբեկչության մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ։ Արդյունքում «Բոլշևիստական կարգերը Վրաստանում» վերնագրով երկու հատոր հրապարակեցին։ Գիտնականները մի քանի նորարարական եզրակացությունների եկան, օրինակ այն մասին, որ Վրացական ԽՍՀՄ-ում բռնաճնշումներն իրականացվում էին էթնիկ ընտրությամբ։ Աշխատությունում մանրամասն ցույց է տրվում, որ վրացական իշխանություններն այդ բռնաճնշումներն օգտագործում էին օսետինների և աբխազների էթնոմշակութային ներուժը ճնշելու համար։ Վրաստանում այդ հետազոտությունը կտրուկ քննադատության արժանացավ։ Գերմանացիներին գրեթե դավաճանության մեջ մեղադրեցին»։
«Սովլաբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Իրակլի Խվադագիանին բացատրում է, որ միջին վիճակագրական վրացու համար, բռնաճնշումների հիմնական նշանակետը էլիտաներն ու ստեղծագործ մտավորականությունն էր։ «Մարդկանց համար Մեծ ահաբեկչությունը հատկապես հիշվում է պետական հաստատությունների և հասարակական ինստիտուտների մաքրումներով։ Բայց երբ համեմատում ես, էլիտայի ներկայացուցիչները շատ փոքր տոկոս են կազմում ընդհանուր զոհերի հարաբերությամբ։ Բռնաճնշումների ենթարկվածների 60 տոկոսից ավելին գյուղացիներ են։ Մեծ տոկոս են կազմում նաև խորհրդային ապարատի ներքին անդամներն ու բանակի ներկայացուցիչները», – պատմում է Խվադագիանին։
Նրա համոզմամբ, վրացիների շրջանում Ստալինի մեծարումը շարունակվում է․ «Վերանայման ուժ ու ժամանակ չկա։ Վրացիների շրջանում տարածված է փոքր ազգի բարդույթը։ Կա մարդ, պատմական կերպար, ով հայտնի է ամբողջ աշխարհում։ Ստալինը պատերազմը հաղթածներից է, ինչի շնորհիվ հայտնի է ամբողջ աշխարհում, անկախ նրանից, թե էլ ինչեր է արել։ Մարդիկ բարդույթ ունեն, որ «մեզ ոչ ոք չգիտի», մեկ էլ հայտնվում է Ստալինը։ Երբ խոսք է բացվում Ստալինի պաշտամունքի մասին, ստալինիզմի հետևանքներն ուղղակիորեն չտեսած սերունդները նրան հիշում են որպես պատերազմը հաղթած մարդ, որպես խորհրդանիշ։ Բռնաճնշումների մասին խոսք չկա, չեն հիշում»։