Մարնեուլիի և Խուջաբի շրջանների եպիսկոպոս Գեորգի Ջամդելիանին դժգոհություն է հայտնել այն մասին, որ Մարնեուլիում, որի բնակչության մեծ մասն էթնիկ ադրբեջանցիներ են, տեղակայված է ադրբեջանցի բոլշևիկ Նարիման Նարիմանովի կիսանդրին։ Հուշարձանը վերջերս վերանորոգվել է, ինչի առթիվ հոգևորականը որոշել է իր կիրակնօրյա քարոզում անդրադառնալ այդ թեմային։
Նա նշել է, որ Նարիմանովի ազգությունը տվյալ դեպքում կարևոր չէ։ նա բոլշևիկ էր, 1920-ականների սկզբներին Ադրբեջանի կոմունիստական առաջնորդներից։ Խորհրդային Միության փլուզումից հետո վրացական բոլշևիկների արձաններն ու կիսանդրիները մեկը մյուսի հետևից ապամոնտաժվել են որպես դավաճանների հուշարձաններ։ Սովետական խորհրդանիշերը Վրաստանում պաշտոնապես արգելված են։
Եպիսկոպոսն ուլտիմատում է դրել Մարնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալիի առաջ, ով նախաձեռնել էր հուշարձանի վերանորոգումը։ Նա քաղաքապետից պահանջել է «խելամիտ ժամանակամիջոցում» ապամոնտաժել կիսանդրին՝ առանց մանրամասնելու, թե ինչքան ժամանակն է խելամիտ և թե որոնք են լինելու թր գործողությունները հուշարձանի պահպանման դեպքում։
«Էխո Կավկազայի» սյունակագիր Գիա Նոդիան ուշադրություն է դարձրել վրացական եկեղեցու՝ խորհրդային ժառանգության դեմ պայքարի ոչ հետևողականությանը․
«Կա մի բոլշևիկ առաջնորդ, որի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքը միանշանակ չէ․ Իոսիֆ Ստալինը։ Չգիտեմ ինչ է մտածում նրա մասին եպիսկոպոս Գեորգի Ջամդելիանին, բայց Պատրիարք Իլյա Բ֊ն հայտնի է Ստալինի մասին միանգամայն դրական վերաբերմունքով։ 2012 թվականից Վրաստանի տարբեր շրջաններում Ստալինի նորանոր կիսանդրիներ են հայտնվում, բայց այդ հուշարձանների դեմ եկեղեցին դժգոհություններ չի հայտնում։
Սա ստիպում է մտածել, որ երբ խոսվում է Մարնեուլիում Նարիմանովի կիսանդրուց, նրա բոլշևիկական կենսագրությունն ամենակարևորը չէ։ Հոգևորականը նաև նշել է, որ «Նարիմանովն իր ներդրումն է ունեցել Վրաստանի տարածքային ամբողջականության խախտման գործում», առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։ Գեորգի եպիսկոպոսի ագրեսիվ հայտարտարության հետ անմիջապես համաձայնեցին ծայրահեղ ազգայնականները, «Վրացական մարշի» առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն և նրա գաղափարակից Նիկոլոզ Մժավանաձեն։
․․․Կիսանդրու պահպանման կողմնակիցներն ընդգծում են, որ իրենց համար Նարիմանովն առաջին հերթին ոչ թե քաղաքական գործիչ է, այլ հանրահայտ Ադրբեջանցի գրող և հասարակական գործիչ։ Մահացել է ոչ այնքան պարզ հանգամանքներում 1952 թվականին։ Մեղքեր հասցրել է գործել, բայց նրա անունը չի կապվում խորհրդային մեծ հանցագործությունների հետ։ Բացի այդ, նա բնիկ մառնեուլցի է։ Տեղացիների համար Նարիմանովը նշանային կերպար է, որով Քվեմո Քարթլիի ադրբեջանցիները, կամ ինչպես իրենք են ասում՝ բորչալեցիները, հպարտանում են։ Նրանց տեսանկյունից, հուշարձանի ապամոնտաժման պահանջը Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների նկատմամբ անարգանքի նշան է»։