«Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժումը համանուն կուսակցություն է հիմնել և մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության ներկայացումը կայացել է հուլիսի 2-ին՝ գրող Իլյա Ճավճավաձերի Սագուրամոյում գտնվող տուն թանգարանում։ Որպես կուսակցության կարգախոս ընտրվել է Ճավճավաձեի խոսքը «երեք առաքինությունների մասին», որոնք վրացիներին հասել են իրենց նախնիներից՝ լեզու, հայրենիք, հավատք։
«Էխո կավկազան» «Վրացական երթի» ներկայացումից փոխանցում է, որ հայտարարված օրակարգը քաղաքական կուսակցության ստեղծումն է, որը կապահովի իրավական ժողովրդավարական վրացական պետության ձևավորումը, հիմնվելով «ազգային աշխարհընկալման վրա, որը կպաշտպանի մարդու իրավունքները, կապահովի երկրի էթնիկ, դավանական, մշակութային և ավանդական ինքնաբավությունն ու անկախությունը։ Տարածքային ամբողջականության վերականգնում, ամրացում, Վրաստանի քաղաքացիների համար կյանքի բարենպաստ պայմանների ստեղծում իրենց իսկ երկրում»։
Այն, որ «Վրացական երթը» կուսակցություն կդառնա և կմասնակցի գալիք ընտրություններին, հայտնի էր հունիսի սկզբից։ Այդ մասին հայտարարել էր շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, ով իրեն համարում Դավիդ Շինարար թագավորի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիաի հետևորդը։
Ուլստրաազգայնական «Վրացական երթ» շարժումը հիմնադրվել է չորս տարի առաջ։ Լրատվականներում լայն լուսաբանման արժանացան, երբ պահանջում էին խստացնել միգրացիոն քաղաքականությունն ու երկրից «վտարել» միջազգային հասարակական կազմակերպությունները, մասնավորապես «Բաց հասարակություններ Վրաստան» ԿՀ֊ն, որը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամների ցանցից է։ Վերջին շրջանում Բրեգաձեն ու նրա հետևորդները կենտրոնացել են երկրում գեյ֊պրոպագանդայի դեմ պայքարի վրա։