Վերջերս Հայաստանի հանրային հեռուստաալիքով ցուցադրված ռուսական սահամանադրական փոփոխությունների քվեարկության վերաբերյալ ռեպորտաժում մեջբերել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, ով խոսում էր քվեարկության ժամանակ գրանցված ընտրախախտումների մասին։ Այդ «չտեսնված հանդգնությունը» զայրացրել էր ոչ միայն ռուսական քարոզիչ լրագրող Վլադիմիր Սոլովյովին, այլև Ռուսաստանի հայերի միությանը (ՌՀՄ)։ Վերջիններս հայտարարություն էին տարածել, որում իշխանությունների քննադատ Նավալնուն որակել էին հայաֆոբ, նշելով, որ «Հայաստանի հանրային հեռուստատեսության հակահասարակական և հակահայկական էությունն ակնհայտ է»։
Հետո Միությունը խոստովանեց, որ քննարկման փուլից սկսած, ակտիվ մասնակցություն է ունեցել Սահմանադրական բարեփոխումների ընդունման գործում, և «ռուսաստանյան հայերի ճնշող մեծամասնությունը մասնակցել է քվեարկությանը՝ հասկանալով, որ այս փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության հզորացմանն ու քաղաքացիների, որոնց թվում շուրջ 3 մլն էթնիկ հայ կա, սոցիալ֊տնտեսական վիճակի բարելավմանը»։
Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետները զրոյացնող քվեարկության անցկացման մասին կարող եք կարդալ այստեղ։
ՌՀՄ֊ը, որը նույնքան ուշադիր չի հետևում ռուսական իշխանությունների հավատարիմ քարոզիչների արտահայտություններին, կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները պետք է գնահատական տան հայաֆոբ Նավալնու՝ հանրային հեռուստաալիքով երևալու միջադեպին։ Միությունն ընդգծում է, որ ալիքը գործում է հարկատուների միջոցներով, և անթույլատրելի է այդ ալիքով ցուցադրել մարդու, ով հայերին «խաչեր» է անվանում։ Այդ միտքը կրկնում է նաև Սոլովյովը, ով, բնականաբար, լծվել է այս արշավին։ Հիշեցնենք, որ պրոպագանդիստ Սոլովյովի մասին բազում հետաքննություններ կան, որոնք բացահայտում են նրա ֆինանսական ռեսուրսներն ու Կոմո լճի առափնյա առանձնատները։
Քարոզիչն իր սիրելի հնարքը կիրառեց․ «Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, իսկ Հանրային ալիքով սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժում նացիստ Նավալնուն են ցույց տալիս, ով հայերին խաչեր է անվանում, ով ատում է հայերին, ատում է Հայաստանը»։
Իր եթերներում Սոլովյովը ֆաշիստ է անվանում և ֆաշիզմի մեջ մեղադրում է ոչ միայն նախագահ Վլադիմիր Պուտինի հակառակորդներին, այլև երկրները, որոնց հետ Ռուսաստանը պարբերաբար հակամարտությունների մեջ է լինում։
Նրա կարիերայի մասին հատկապես բնութագրական է վիքիպեդիայի հոդվածի այս հատվածը․ «2018 թվականի սեպտեմբերի երկուսից «Ռոսիա 1» ալիքով ցուցադրվող «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման հաղորդավարն է։ Մեկ ժամ շարունակ պատմում է նախորդ շաբաթվա ընթացքում նախագահի կատարած գործերից։
Հաղորդման ինտոնացիան, հյուրերի և (պրեմիերայի ժամանակ հրավիրված էին միայն իշխանական պաշտոնյաներ․ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու Պետդումայի պատգամավոր, իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Անդրեյ Մակարովը) թեմաների ընտրությունը հիմք են տալիս մտածել, որ հաղորդման միակ նպատակը նախագահի՝ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով ընկած վարկանիշի վերականգնումն ու անձի պաշտամունքի ձևավորումն է։
Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, Սերժ Սարգսյանի [ով ևս փորձում էր պահպանել իր իշխանությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում] հրաժարականի պահանջով ցույցերի ժամանակ խոսել է ի աջակցություն ցուցարարների և բողոքի ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։
Նավալնու դաշնակից Վլադիմիր Միլովն իր «Գրկախառնություն բռնապետի հետ» ծրագրում անդրադառնում է Փաշինյանի կառավարության կողմից՝ իշխանափոխությունից հետո իրականացվող բարեփոխումներին։ Նա նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում իշխանափոխության փորձեր էլի են եղել, եղել են անգամ զոհեր։ Միլովը նաև անդրադառնում է նրան, թե ինչու Հայաստանը ստիպված է պահպանել բարեդրացիական հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի հետ։