հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Դատապարտելի գործելաոճ․ ԲՀԿ-ն ուզում է «դրսից տղա բերել»

Դատապարտելի գործելաոճ․ ԲՀԿ-ն ուզում է «դրսից տղա բերել»

Վերջին օրերին Հայաստանում կատարվող գործընթացները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն՝ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու ցավագին իրողություն։ Դրա վկայությունն է այն, ինչը այսօր մենք տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես՝ ռուսական եթերում։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ օրերս «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտնվել էին ռուսաստանյան հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի եթերներից մեկում։ Սոլովյովը հանդես է գալիս որպես լրագրող, միաժամանակ սերտ համագործակցելով Պուտինի ադմինիստրացիայի հետ։ Նրա հետ կապված լրագրողական հետաքննությունները բացահայտել են անբացատրելի ծագում ունեցող մեծ ֆինանսական կարողություն, մասնավորապես, իտալական Կոմոյում ունեցած երկու դղյակ։

«Ազգային ժողովի ընդդիմադիր մեր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է պարզագույն «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ։

Այդ սխեման շատ պարզ է՝ սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայնտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ո՛չ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլև ռուս հաղորդավարի ցնդաբանություններով։

Սա անթույլատրելի և դատապարտելի գործելաոճ է։ Բոլոր այս սուբյեկտները այս ամբիոնից սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին՝ ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն։

Պարոնա՛յք, այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության և, իհարկե, մեր բոլորի հիշողությունից», – ասել է պատգամավորը։

Իսկ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն տարածեց ԲՀԿ-ականների հետ տեղի ունեցած հանդիպման մասին։

Նշվում է, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ։

«Խորհրդարանականները կիսվել են նաև հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի մի շարք ասպեկտների վերաբերյալ իրենց տեսակետներով», – մասնավորապես, ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ սկսվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։ Այն կշարունակվի այսօր՝ հունիսի 18- ին։