Home / Հայաստան / Ծառուկյանի գործարանի աշխատակիցներին ստիպում են մասնակցել բողոքի ակցիաներին․ Սաքունց

Ծառուկյանի գործարանի աշխատակիցներին ստիպում են մասնակցել բողոքի ակցիաներին․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատողներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում՝ կազատվեն աշխատանքից:

«Նաև հայտնեցին, թե կան մարդիկ, որոնք սեփական դիմումով ազատվել են աշխատանքից, չենթարկվելով ապօրինի պահանջին:

Այս տեղեկատվությունը հիմք է տալիս պնդելու, որ կատարվում են խաղաղ հավաքների մարդկանց իրավունքի խախտումներ:

Հատկապես կորոնավիրուսի համավարակի ռիսկերի պարագայում պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել նաև մարդկանց առողջությունը», – Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպանը։

Երեկ խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ օլիգարխին զրկեց անձեռնմխելիությունից, այնուհետև՝ հավանություն տվեց գլխավոր դատախազի մյուս՝ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը։