Home / Շուկա / Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահի կրտսեր որդուն․ «Մուլտի գրուպի» կաշառքի ծագումը կպարզվի

Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահի կրտսեր որդուն․ «Մուլտի գրուպի» կաշառքի ծագումը կպարզվի

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը:

Դատախազության հաղորդմամբ, քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։

Տվյալներ են ձեռք բերվել, որ ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը [կալանավորվել է 2020 թվականի ապրիլի 25-ին] 2008-2014 թվականների ընթացքում ՊԵԿ նախագահի, իսկ՝ 2014-2016-ի ընթացքում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի որդիների միջոցով փոխանցել է նրան առանձնապես խոշոր չափերով` 8 միլիարդ 142 միլիոն 315 հազար դրամին համարժեք 22 միլիոն 401 հազար դոլարի չափով կաշառք՝  հովանավորչության, նրա ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների՝ «Մուլտի գրուպ կոնցեռնի» գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և հիմքերի առկայության դեպքում՝ առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար»:

«Գ․Խ.-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա.-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 դրամին համարժեք 22.401.000 դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին:

Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել», – ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված գումարն օրինականացնելուն օժանդակելու համար Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Առուստամյանը կալանավորվել է։

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև առերևույթ հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի ավագ որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ։ Գուրգեն Խաչատրյանն այժմ հետախուզվում է։ Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա [ավելի մանրամասն՝ այստեղ

«Միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա․-ն [Սեդրակ Առուստամյանը] 2011 թվականին 22․401․000 դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով», – ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԵԿ նախկին նախագահի կրտսեր որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Հայտարարվել է հետախուզում: Փաստաբանները հայտնել են, որ Արտյոն Խաչատրայնը որպես մեղադրյալ է ներգրավվել միաժամանակ 4 քրեական հոդվածներով՝ առանց մանրամասներու, կոնկրետ որ հոդվածների մասին է խոսքը։

Ըստ փաստաբանների, որ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հետախուզում հայտարարելու գործընթացն իրականացվել է «օրենքի խախտմամբ Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի»: Նշվում է, որ տեղի ունեցածի մասին նրանք իմացել են «Հայկական ժամանակ» թերթից․ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ որևէ ծանուցագիր չի հանձնվել, հետախուզումը հայտարարվել է առանց որևէ առարկայական հիմքի։