Նախկինում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն։ Հայրը ենթականերին հանձնարարել է համագործակցել նշված կազմակերպության հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Այսպիսով՝ ՊԵԿ-ի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:
Ըստ ԱԱԾ-ի, Գագիկ Խաչատրյանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են մոտ 2․8 մլրդ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է մոտ 4.3 մլրդ դրամ, իսկ գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով Խաչատրյանի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։
Հափշտակվածը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն, հայտնում է ԱԱԾ-ն:
Այդ գույքը և դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:
Բացի այդ, Խաչատրյանի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված [Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»] կոնցեռնի գլխավոր տնօրենի [Սեդրակ Առուստամյանի] միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում 22.4 մլն դոլարը փոխանցել է նրանց մատնանշածՀայաստանում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր, հայտնում է ԱԱԾ-ն:
Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է 2019-ի օգոստոսից, «Մուլտի գրուպի» տնօրենը՝ 2020-ի ապրիլի 25-ից։ Խաչատրյանի որդի Գուրգենը հետախուզման մեջ է։