Լենինգորի մարզի (Հարավային Օսետիա) վրացական դպրոցների շրջանավարտներին հորդորել են նույնիսկ չփորձել վրացական բուհեր դիմել։ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ՝ КГБ) աշխատակիցները դեռահասներին հավաքել են գյուղական ադմինիստրացիայի գրասենյակում ու զգուշացրել, որ այս արգելքին չենթարկվողները տուն վերադառնալու հնարավորություն չեն ունենա, հայտնում է Էխո Կավկազան։
Անցյալ չորեքշաբթի ՊԱԾ սպաները շրջանավարտներին հավաքել էին Լենինգորի գյուղական խորհրդի ղեկավարի գրասենյակում։ Այս տարի Լենինգորում դպրոցն ավարտել է 11 դեռահաս, որոնցից 9-ը մասնակցում էին հանդիպմանը։
Շրջանավարտների խոսքով գրասենյակում չորս սպա կար։ Նրանցից առնվազն մեկը Լենինգորի բաժանմունքից էր, մյուսները ժամանել էին Ցխինվալիից։ Հանդիպմանը ներկա էր նաև գյուղական խորհրդի ղեկավարը։
Երիտասարդներին հարցրել են, թե ովքեր են պատրաստվում թբիլիսյան բուհեր դիմել։ Շրջանավարտները տարբեր պատասխաններ են տվել․ ոմանք նշել են, որ համապատասխան թղթերն արդեն ուղարկել են Թբիլիսի, ոմանք առավել գաղտնապահ են գտնվել ու հստակ չեն պատասխանել, մի քանի հոգի էլ հայտարարել է, որ կրթությունը շարունակելու մտադրություն չունի։
Հանդիպմանը մասնակցած դեռահասների պնդմամբ, ՊԱԾ աշխատակիցներն իրենց համոզում էին հրաժարվել Թբիլիսիում կրթությունը շարունակելու հեռանկարից։ Ասում էին, որ գնալու դեպքում կարող են մոռանալ վերադառնալու մասին։ Սպաները շրջանավարտներին հորդորում էին Հարավ֊Օսետինյան պետական համալսարան դիմել։ ՊԱԾ֊ականները զգուշացրել են, որ չմտածված քայլերի դիմել ևս չարժե․ Վրաստանի հետ սահմանը չնախատեսված վայրով անցնողները վերադարձի ժամանակ լուրջ խնդիրներ կունենան։
Ուսուցիչները կամ Կրթության նախարարության ներկայացուցիչները հանդիպմանը չէին մասնակցում։ 9 շրջանավարտներից մեկը մոր հետ էր եկել։ Պարոն ուժայինները ծնողների ներկայությամբ հանդիպում չէին նախատեսել։
Թբիլիսիում սովորել ցանկացող շրջանավարտների նկատմամբ ոչ պաշտոնական ճնշումների պրակտիկան սկսվել է անցյալ տարի։ Թբիլիսիում բժշկություն սովորել ցանկացող միակ ուսանողուհուն թույլ չէին տալիս լքել մարզը։ Հենց այդ ժամանակ իշխանությունները սահմանը հատելու թույլտվության հերթական փոփոխությունն էին կազմակերպում։ Աղջկա ծնողները դիմել էին բոլոր համապատասխան գերատեսչություններին, խնդրում էին հնարավորինս արագ սահմանը հատելու թույլտվություն տրամադրել, բացատրում էին նպատակը։ Իրենց բացահայտ պատասխանում էին, որ թույլ չեն տա Վրաստանում կրթություն ստանալ։ Երբ Թբիլիսիում իմացան հանրապետական իշխանությունների կողմից ուսանողուհու նկատմամբ ճնշումների մասին, նրան ընդունեցին համալսարան՝ առանց քննությունների։ Բայց սեպտեմբերի 5-ին Ցնելիսի դեպքերի հետ կապված սահմանները նորից փակվեցին․ աղջիկն այդպես էլ չկարողացավ Թբիլիսի հասնել։
Հավանաբար հիմա էլ նույն պատմությունը կլինի։ Պաշտոնական հայտարարություններ այս թեմայով չկան։ Ընդ որում, Վրաստանում կրթությունը շարունակել ցանկացողները ոչ միայն վրացական, այլ նաև ռուսական դպրոցների շրջանավարտներ են։
Սա վրացախոս փոքրամասնության նկատմամբ խտրական վերաբերմունքի քաղաքականությունն է, որը նկատվում է Անատոլի Բիբիլովի՝ Հարավային Օսետիայի նախագահ ընտրվելուց հետո։ Ընդ որում խտրական վերաբերմունք կա հենց վրացերեն խոսացողների, ոչ թե վրացիների նկատմամբ․ այդ փոքրամասնության մեջ են մտնում նաև էթնիկ օսետիններ։ Նրանց զրկում են ընտրության ազատությունից, տեղաշարժման ազատությունից։
2017 թվականին՝ Անատոլի Բիբիլովի պաշտոնավարման հաստատումից հետո, Լենինգորի մարզում փակեցին վրացական դպրոցները։ Անցյալ տարվա հունվարից տարբեր պատրվակներով մարդկանց արգելում են հատել Վրաստանի հետ սահմանը․ մարդիկ հարազատներին տեսնելու և անգամ Թբիլիսիում բուժվելու հնարավորություն չունեն։
Նրանց փաստացի երկընտրանքի առաջ են կանգնացրել․ կամ Վրաստան եք գնում, կամ մնում եք Լենինգորի գետտոյում։ Այլ կերպ բարդ է անվանել, քանի որ Լենինգորի մարզի արևելյան մասի բնակիչները, ովքեր Ցխինվալիի իրավասության տակ են 2008 թվականից, բոլորովին ինտեգրված չեն հանրապետությունում։ Նույնիսկ մարզի ներսում համեմատաբար նշանակալի պաշտոններում դրսից եկածներին են նշանակում։ Արդարության համար հարկ է նշել, որ Ցխինվալին էլ երիտասարդներին առաջարկելու շատ բաներ չունի, բայց գոնե կապ ունի Ռուսաստանի հետ, որտեղ երիտասարդները կարող են կրթություն ստանալ։
Լենինգորցիները նման ընտրություն չունեն։ Մարզի բնակչությունը հիմնականում վրազցախոս է, ռուսաստանյան բուհերում սովորել չի կարող։ Ցխինվալիի պետական համալսարան ընդունվելը գրեթե անիմաստ է՝ երկրում մասնագիտական հեռանկարների բացակայության պատճառով։ Ավելի հարմար կլիներ սովորել ու աշխատել իրենց լեզվային ու մշակութային միջավայրում։
Տեքստում օգտագործված են տեղանուններ ու եզրույթներ, որոնք կիրառվում են Աբխազիայում և Հարավային Օսետիայում։
աղբյուրը՝ Էխո Կավկազա