Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գլխավոր դատախազի կողմից ստացել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Այս մասին ԱԺ նախագահը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հարցն ընդգրկվել է հունիսի 15-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը։ Ըստ ԱԱԾ-ի` խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ՝ չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ 2-րդ քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: 3-րդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի պաշտոնյաներին, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով մեծ վնասներ։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան միջնորդությունում մասնավորապես ասված է․ «Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք․․․
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն․․․»: