Home / Ազգային ժողով / Դոդի Գագոն հիշել է ժողովրդի, աղքատության, Արցախի մասին ու սրտնեղել

Դոդի Գագոն հիշել է ժողովրդի, աղքատության, Արցախի մասին ու սրտնեղել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր քաղաքական խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել։ Նիստը վարում էր կուսակցության նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը (հայտնի է «Դոդի Գագո» մականունով), ով հանդես եկավ բացման ելութով։ Պազվեց, «պետությունն ու ժողովուրդը փորձադաշտ չեն», իշխանությանը տրվել էր «լիարժեք ժամանակ, որպեսզի իրականացնեին ժողովրդին տված խոստումները», իրենք՝ ԲՀԿ-ն, աջակցել են այդ փոփոխությունների իրականացմանը, բայց կառավարությունը «ձախողել է»․ «Ես ասել էի՝  որպեսզի իշխանությունների տրված խոստումները իրականություն դառնան, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխել։ Բայց այսօր լիարժեք կարող եմ ասել, որ այս իշխանությունը պետք է փոխվի ոչ թե 97, այլ 100 տոկոսով», – հայտարարեց Ծառուկյանը՝ սրտնեղելով «փողատեր մարդկանց» (ներդրողների) համար ստեղծված պայմաններից, արտոնությունների բացակայությունից։ Օլիգարխը հիշեց նաև աղքատության, ժողովրդի վարկային բեռի մասին, պահանջեց վարկային տոկոսների համաներում և «Արցախի անկախության միջազգային ճանաչուն», գանգատվեց համավարակի դեմ տարված պայքարից։ Իր իսկ աշխատողներին աշխատավարձ վճարելուց խուսափող ձեռներեցը բողոքեց նաև պետության՝ հակաճգնաժամային սոցիալական աջակցության ծրագրերի ծավալներից, հայտարարեց, որ 26 000 դրամ օգնության փոխարեն պետք էր վճարել գոնե 70 000՝ «մասշտաբային, այլ ոչ թե ինչ-որ անհատական»։ Ելույթի վերջում Ծառուկյանը նեղսրտեց՝ կառավարող ուժը խնդիրներն իրենց հետ չի քննարկում, և հայտարարեց, որ այսօրվանից պատրաստ է անձամբ հանդիպել «ցանկացած առողջ քաղաքական ուժի հետ, անհատի հետ, ՀԿ-ի ղեկավարի հետ, այն անձանց հետ, ովքեր որ մտահոգ են մեր երկրի ապագայի համար»՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությունները։

ԲՀԿ-ական առաջնորդի ելույթին անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը։

«Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և թե ինչ աննկարագրելի փչացած են շարունակում մնալ այդ համակարգի որոշ բեկորներ, բավական է ֆիքսել ընդամենը մեկ իրողություն․

Ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով։ Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով։

Իշխանությունն ու բազմաթիվ գիտակից քաղաքացիներ անում են ամեն ինչ՝ ամրացնելու ու ավելի արդյունավետ դարձնելու համար հակահամաճարակային պայքարը։

Իսկ այդ միջոցին ինչո՞վ են զբաղված որոշ շատ կոնկրետ ուժեր։ Սկսել են պահանջել կառավարության փոփոխություն։ Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։

Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի։

Որպես պատգամավոր՝ բացարձակ զարմացած չեմ, բայց որպես քաղաքացի՝ չեմ թաքցնի, ուղղակի ապշած եմ այս երեսպաշտության մասշտաբներով։ Կորոնավիրուսի համաճարակը մենք, վստահաբար, կհաղթահարենք՝ ի հեճուկս բոլորի, ու դրանից հետո գալու է հիշելու ու վերհիշելու ժամանակը՝ թե ով իրեն ինչպես է պահել պատասխանատու պահին», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբինյանը։

Նրա գործընկեր Սոս Ավետիսյանն էլ առաջարկել է «համախմբվել համապատասխանաբար մի տեղում, քանի որ կոռոնավիռուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը» և նշել՝ «ժողովուրդը համախմբվել է 2018-ին հեղափոխության օրակարգի շուրջ, ժողովուրդը 2019-ին վստահության քվեն է տվել իր խորհրդարանական թիմին, կառավարությանն ու վարչապետին: Այն համախմբված է և հիմա՝ անկախ նրանից, որ որոշ խմբեր, կոռոնավիռուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում»։

Ծառուկյանի հայտարարությունները մեկնաբանել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։