«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համալիրը՝ «Օլիմպավանը», զավթել է համայնքին պատկանող շուրջ 960 քառակուսի մետր հողատարածք, պնդում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:
«Տարիներ շարունակ շենքը գործում է առանց շինարարության ավարտական պարտադիր ակտի», – «Ազատությանը» փոխանցեց նա:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան, ում հետ չհաջողվեց կապ հաստատել, Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ 2015 թվականից սկսած ամեն տարի դիմել են քաղաքապետարան՝ շինարարական ակտը ստանալու համար, այս տարի նույնպես դիմել են, բայց պատասխան չեն ստացել:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պարզաբանում է, թե մասնավորապես հեղափոխությունից հետո ինչու են մերժվել ՀԱՕԿ-ից ուղարկված դիմումները. – «Չի գրանցվել, որովհետև կա զավթում, 960 քմ հողատարածը զավթվել է: Այստեղ արբանյակից նկարն է, որի վրա նստացված է Կադաստրի քարտեզը, երևում է, որ դեղինով նշել ենք փաստացի այս պահին «Օլիմպավանի» օգտագործվող տարածքը, մանուշակագույն գծերով երևում է, որ Օլիմպավանի տարածքը բաղկացած է 3 հողակտորներից, 1 հողակտորը 5000 քառակուսի մետր է և 950-ական քառակուսի մետր հողակտորներ: Նկարից երևում է, դեղին շրջագծով որ անցկացված է, փաստացի օգտագործվող տարածքը: Այստեղ իրականացված է ցանկապատ և առանձնացված է, որը կազմում է ընդհանուր 7860 քառակուսի մետր: Այսինքն՝ այս տարածքն ամբողջությամբ տիրապետում է «Օլիմպավան» ՍՊԸ-ի կողմից, որի արդյունքում 960 քառակուսի մետր տարածքը կոնկրետ օգտագործվում է՝ համայնքային տարածքը», – պարզաբանեց նա:
Քաղաքային իշխանության տվյալներով՝ «Օլիմպավանը» գույքահարկ է վճարել միայն հեղափոխությունից հետո, շուրջ 2 տարի չի վճարել նաև աղբահանության գումարը, դրանք սկսել է մուծել 2017-ից, ամսական վճարը կազմում է շուրջ 96 հազար դրամ:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ հողատարածքի ու իրականացված շինարարության անճշտություններն առաջացել են բացառապես քարտեզագրման ու գեոդեզիական անհամապատասխանության արդյունքում, ինչի պատճառով «Օլիմպավանին» պատկանող հողատարածքի մի մասը մնացել է համայնքին, իսկ համայնքային պատկանելության հողատարածքի վրա շինարարություն է իրականացվել:
Ասում է՝ այո, գուցե կա շեղում, բայց պատրաստ են կադաստրային գնով վճարել դրանց դիմաց ու օրինականացնել վիճահարույց տարածքը: Դավթաշեն վարչական շրջանից փոխանցեցին՝ կադաստրային գինը մեկ քառակուսի մետրի դիմաց 4500 դրամ է, այնինչ շուկայական արժեքը՝ 200-250 ԱՄՆ դոլար: Կատվալյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ կադաստրային, այլ ոչ շուկայական գնով. – «Չգիտեմ՝ ինչ ձևերով, ինչ մեթոդներով թույլ է տրվել, որպեսզի «Օլիմպավան» ՍՊԸ-ն 960 քառակուսի մետր համայնքային հողակտոր զավթի: Նշեմ, որ այդ հատվածում հողակտորի մեկ քառակուսի մետրաժի գինը մոտավորապես տատանվում է 200-250 դոլարի սահմաններում: Բայց օրինակ՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր հարցազրույցում նշում է, որ իրենք պատրաստ են գնել 4500 դրամ կադաստրային արժեքով: Կներեք, քաղաքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում 200-250 դոլարանոց հողը վաճառել 4500 դրամ: Այդպես դուրս է գալիս, որ ցանկացած մարդ կարա զավթի համայնքային տարածք, հետո ասի՝ գիտեք ինչ կա, հենց կադաստրային գնով վաճառեք, ես կգնեմ: Չէ, չի կարող լինել այդպիսի տարբերակ: Համայնքի շահերից է բխում, որ եթե հստակ կա փաստը, ու «Օլիմպավանը», բնականաբար, քաղաքապետարանը չի գնալու այս կառույցը քանդելու ճանապարհով, այդ դեպքում պետք է «Օլիմպավանի» ղեկավարությունը մտածի, թե ինչպես է իր տարածքը սեփականաշնորհում»:
Կատվալյանը նաև հակադարձում է, թե հին ու նոր քարտեզների համադրման արդյունքում շեղում է արձանագրվել. – «Հասկանում ենք, որ թեքություն կա, բայց այս պահին օգտագործվող փաստացի տարածքը 7800 քառակուսի մետր է, այստեղ այլ խոսք լինել չի կարող», – նկատեց նա:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ասում է՝ «Օլիմպավանի» տարածքում առանց թույլտվության գործել է հանրային սննդի օբյեկտ: Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար պարտադիր վճարն, ըստ Կատվալյանի, միայն հեղափոխությունից հետո է վճարվել: