Բրիտանական The Economist ամսագրում տարվա երկիր է հայտարարվել Ուզբեկստանը։ Խմբագրության կարծիքով, 2019 թվականի ընթացքում իրավիճակը երկրում «նկատելիորեն պակաս բռնապետական» է դարձել։ Դրական փոփոխությունները սկսվել էին դեռևս 2018 թվականին, երբ նախագահ Շավկաթ Միրզիյոևը բարեփոխումներ նախաձեռնեց, որոնք «նոր թափ ստացան վերջին տարվա ընթացքում»։
«Երեք տարի առաջ Ուզբեկստանը հնավոճ հետսովետական դիկտատուրա էր՝ փակ հասարակությամբ, բացարձակ դաժանությամբ ու ոչ կոմպետենտությամբ»,- ասվում է նյութում։
2016 թվականին նախկին նախագահ Իսլամ Կարիմովի մահից հետո իշխանության եկավ Միրզիյոևը, սակայն, պնդում է հրատարակությունը, սկզբում երկրում փոփոխություններ գրեթե տեղի չունեցան։ Նոր նախագահն ակտիվ գործողությունների անցավ միայն 2018-ին։ Նրա կառավարությունը զգալիորեն կրճատեց հարկադիր աշխատանքները, արտասահմանյան լրագրողներին երկրում աշխատելու թույլտվություն տրամադրեց, ավելի շատ սահմանային անցակետեր բացեց, ամենախիստ բանտերից մեկը՝ «Ժասլիկը», փակելու որոշում կայացրեց։ «Երկրի տնտեսության վերակառուցման հարցում դիմում են արտասահմանյան տեխնոկրատների օգնությանը», – նշում է ամսագիրը։
The Economist-ը գրում է, որ Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց 2019 թվականի ընթացում «ոչ մի երկիր այսքան հեռու չի գնացել»։
Այս տարի հրատարակչությունը տարվա երկիր անվանակարգում մի քանի երկիր էր դիտարկում։ Բացի Ուզբեկստանից այդ ցանկում էին նաև Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սուդանը։
Նոր Զելանդիան աչքի էր ընկել Քրայսթչըրչ քաղաքի մզկիթի վրա հարձակումից հետո կառավարության ձեռնարկած գործողություններով, Հյուսիսային Մակեդոնիան՝ Հունաստանին արված զիջումներով և անվանման փոփոխությամբ, Սուդանը՝ Օմար ալ Բաշիրի դիկտատուրայի տապալմամբ։
Անցյալ տարի The Economist-ն ընտրում էր Հայաստանի, Մալազիայի ու Եթովպիայի միջև։ Արդյունքում տարվա երկիր ճանաչվեց Հայաստանը, որը, ամսագրի կարծիքով, ցույց էր տվել, որ «ժողովրդավարության ու նորացման շանսեր ունի»։