Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է այն, ինչի մասին գիտի երկրում ապրող և մինչև 2018-ի հեղափոխությունը ընտրությունների հետ քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր մարդ։ ԱԱԾ-ն հայտնել է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու համակարգային բնույթ կրող հարյուրավոր դեպքերի բացահայտման մասին։
Ըստ հաղորդագրության՝ ապացույցներ են ձեռք բերվել, որ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար իրենց թեկնածուներն անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք էին տալիս։ Գործընթացում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Նման եղանակով բաշխվել են հարյուրավոր միլիոն դրամների ընտրակաշառքներ։
«Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ:
Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը», – նշված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Ստորև ներկայացված՝ ԱԱԾ-ի տեսանյութից սքրինշոթերը պատկերում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի աջակիցների նամակները, որոնցում նրանք երդվում են «մինչև վերջ» հավատարիմ մնալ ղեկավարին, այլապես կլինեն «անբարոյական», «ամենաանբարոյական», «անբարոյականի զավակ» և այդպես շարունակ․․․
Սերգեյ Բագրատյանի նամակը․
Նաիրա Զոհրաբյան․
Նապոլեոն Ազիզյան
Տիգրան Ուրիխանյան
Կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ նախօրոք բեմադրվել են նաև ԲՀԿ-ի նախընտրական հանրահավքաներին ընտրողների կողմից օգնություն խնդրելու դեպքերը․
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք գլխավոր օլիգարխի դիրքում հաստատված Ծառուկյանի հետ կապված այլ քրեական գործեր էլ կան՝ մասնավորապես ապօրինի հարստացման և տասնյակ միլիարդների հարկերից խուսափելու վերաբերյալ։ Հարկայինի նախկին պետի Գագիկ Խաչատրյանին 22.4 միլիոն դոլար կաշառքի համար «Մուլտի գրուպի» տնօրենի կալանավորումից հետո պարզ դարձավ, որ քրեական հետապնդումը պետք է հասնի նաև պատգամավորական անձեռմխելիություն ունեցող Գագիկ Ծառուկյանին։ Վերջինիս իր և կուսակիցների ապօրինությունները քողարկելու համար պահանջեց նոր կառավրության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետագայում էլ՝ քաղաքական հետապնդում որակեց իրենց հանցանքների բացահայտումը։
Հունիսի 14-ին, երբ Ծառուկյանի տանը և բազմաթիվ օբյեկտներում խուզարկություններ էին իրականացվում, օլիգարխը հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իրեն սպասարկող պատգամավորներն ու աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում հարակից փողոցում: Տեղեկություններ էին շրջանառվում, որ Ծառուկյանին պատկանող«Արարատ ցեմենտ»-ի, «Կոնյակի գործարան»-ի, «Առինջ մոլ»-ի և մի շարք այլ կառույցների աշխատակիցներին հրահանգվել է միանալ ցույցերին։ Ցույցի ընթացքում մոտ 100 քաղաքացիներ բերման էին ենթարկվել՝ արտակարգ իրավիճակի պայմաններում հավաքի մասնակցելու և ոստիկանի օրինական պահաջին չկատարելու պատճառով։
ԱԱԾ-ն ևս մեկ տեսանյութ էր հրապարակել՝ Ծառուկյանի ընկերությունների ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի՝ մասնավորապես կազինոների մասին։