Երեկ՝ հունիսի 14-ին, խորհրդային շրջանի բռնադատվածների հիշատակի օրն է:
71 տարի առաջ այս օրը՝ 1949թ. հունիսի 14-ին Խորհրդային Հայաստանից ավելի քան 13 հազար հայեր՝ շուրջ 2500 ընտանիք, ապրանքատար վագոններով աքսորվել է Սիբիր։ 1949 թվականը խորհրդային բռնաճնշումների ամենամեծ «ալիքն» էր Հայաստանում․ համեմատության համար՝ 1937 թվականին, որը խորհրդանիշն է ստալինյան բռնաճնշումների, Հայաստանում գնդակահարվել, աքսորվել կամ բանտարկվել է 2 686։
Խորհդային միության փլուզումից տարիներ անց՝ 2006 թվականին միայն, հունիսի 14-ն ընտրվել և օրենսդրորեն ամրագրվել է որպես բռնադատվածների հիշատակի օր։ Իսկ 2008 թվականին, երբ հայաստանյան բանտերը կրկին լցված էին քաղբանտարկյալներով, Երևանում՝ Կասկադի վերին հարթակում, բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր՝ ճիշտ այն տեղում, որտեղ նախկինում գտնվում էր խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված համալիրը։
Հիշատակի արարողություններ հիմնականում չեն արվում։ Հունիսի 14-ը, որպես կանոն, նշվում է առանց աղմուկի․ հուշահամալիր են գալիս բռնադատվածները, նրանց ժառանգները, սովետական դիսիդենտները, փոքրաթիվ հետազոտողներ, որոնք զբաղվում են ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությամբ։ Հայաստանի բռնադատվածների միության անդամները գրեթե ամեն տարի բարձրաձայնում են 1996 թվականին ընդունված՝ «Բռնադատվածների մասին» օրենքի փոփոխության և բռնդատվածներին/նրանց ժառանգներին փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտության մասին։ Բարձր մակարդակի հիշատակի արարողություններ «ավանդապես» չեն արվում։
Համավարակի և հակահամաճարակային սահմանափակումների բերումով հուշահամալիրն այս տարի դատարակ էր․ Հայաստանի պահպանողական կուսակցությունը հայտարարություն էր տարածել և կոչ արել Նախագահին, Վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, դատական իշխանություններին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հունիսի 14-ին «հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին՝ այցելել հուշարձան, հիշատակի խոսք ասել»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հանդես էր եկել կարճ գրառմամբ՝ հարգանքի տուրք մատուցելով բռնաճնշումների զոհերին։
«1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։
Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով», – գրել էր Միրզոյանը։ Հիշատակի «այլ» պաշտոնական արարողություններ չեն եղել։
1949 թվականին միայն Հայաստանից աքսորվել է շուրջ 2500 ընտանիք՝ ավելի քան 13 հազար հայեր։ Ստույդ թիվը դեռևս հայտնի չէ․ արխիվում պահվող գործերի համաձայն՝ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել 45 074 մարդ, որից 12 458-ը՝ 1949 թ. հունիսի 14-ին, 2686-ը՝ 1937թ. հոկտեմբերի 26-ին, մնացած 29 850-ը՝ տարբեր տարիներին։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այլ թվեր է նշում՝ ընդգծելով՝ հայեր եղել են ոչ միայն հայաստանից կամ որպես «դաշնակ» աքսորվածների շրջանում, այլև աքսորված «թուրքերի» մեջ։
Խառատյանը գրում է․ «1949 թվականի հրամանով նախատեսված 56 000 աքսորականների մի մասը պետք է հույներ լինեին, մյուս մասը՝ հայեր, որոնք աքսորի հրամանում ներկայացված են «դաշնակ» անունով և ավելի փոքր խումբ՝ «թուրքեր» անունով: <․․․>Հիմա արդեն հայտնի է, որ աքսորված «թուրքերը» հիմնականում հայեր էին, մասամբ հույներ, լազեր և այլն: <․․․> Նրանց մասին՝ էթնանավանափոխության պատճառների, քանակության, ելքի տարածքների ևլն մինչև այսօր քիչ բան է հայտնի: Առկա նյութը թույլ է տալիս վարկած առաջադրել, որ «Թուրք» ձևակերպմամբ որոշակի քանակությամբ հայեր են դեպորտացվել Վրաստանից, Ադրբեջանից, Կրասնոդարի երկրամասից: Առայժմ Տոմսկի արխիվի հրատարակված որոշ փաստաղթերի հատվածային տեղեկություններով հավաստվում է նրանց «մուտքի տարածքը»՝ Նարըմ: «Թուրք» գրանցված որոշ քանակությամբ հայերի կարելի է տեսնել ստալինիզմի զոհերի «Մեմորիալի» կազմած ցուցակներում»։
Խառատյանի փոխանցմամբ՝ 1949թ. հունիսի 14-ի, ըստ հրամանի, դեպորտացիայի պետք է ենթարկվեին Սովետայան Վրաստանի, Հայաստանի, Ադրվեջանի և այսպես կոչված «Սևծովյան առափնյակի» տարածքում բնակվող «թուրքական քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող թուրքերը, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիները, հունահպատակները, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակները, և խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակները, և դաշնակները՝ իրենց ընտանիքներով»։ ․․․Հանրապետությունների ԿԳԲ-ները գաղտնի հրաման էին ստացել ապահովելու տեղահանությունը: … Ըստ 02.06.1949թ. ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրի №00525 հրամանի, Ալթալայի երկրամաս պետք է աքսորվեին «դաշնակները»` 3 620 ընտանիք, 13 000 մարդ, Տոմսկի մարզ` թուրքերը՝ 1500 ընտանիք, 5 400 մարդ, Ջամբուլի մարզ՝ հույները՝ 6 000 ընտանիք, 21 600 մարդ, ևս 1 500 ընտանիք՝ 5 400 հույներ, պետք է աքսորվեին Հարավ-Ղազախստանյան մարզ։
«Հետագայում 1949թ. հունիսի 21-ին ԽՍՀՄ ՆԳ մինիստրի գաղտնի հեռագրից պարզվում է, որ գնացքների 13 էշելոններով Ալթայի երկրամաս է ուղարկվում 3 801 ընտանիք՝ 16 740 մարդ, այսինքն 3 740 մարդ ավեի, քան ծրագրավորված էր հրամանով: Արխիվային փաստաթղթերի հետագա քննությունը ցույց է տալիս, որ «դաշնակները» այնքան էլ «դաշնակներ» չեն, որ աքսորվածների մեջ շատ են նախկին ռազմագերիները:
Հայաստանից բոլոր աքսորվածները տարվել են Ալթայի երկրամաս: Դատելով արխիվային նյութերով նրանց 31,8%-ը՝ 851 ընտանիք, աքսորվել են ոչ թե «դաշնակցության» մեղադրևանքով, այլ՝ «լեգեոների»: 1764 ընտանիք աքսորվել են որպես «Հայկական ազգայյնական Դաշնակցական կուսակցության» նախկին անդամների ընտանիքներ: Բոլոր աքսորվածների 13%-ը (339 ընտանիք, 1441 մարդ) եղել են 1946-47թթ. հայրենադարձներ՝ Ֆրանսիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Պաղեստինից, Իրանից: Բոլորը՝ որպես դաշնակցականներ:
Հայաստանիւց աքսորվածների մեջ «հույներ» և «թուրքեր» գործնականում չկային: 1949թ. հունիսի 13-ի գիշերը հայերի հետ միասին աքսորվել են 20 ընտանիք՝ 88 մարդ այլազգիներ, այդ թվում 8 ասորական, 5 հունական, 3 քրդական (քուրդ ընտանիքներից մեկը ճանապարհից ետ է կանչվել), 3 եզդիական և 2 թուրքական», – «Լրագիր» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ազգագրագետը։
Մյուս հանրապետություններից աքսորվողների ցանկը, ըստ նրա, համալրված էր ինչպես «դաշնակցականներով», որոնք տարվել են Ալթայի երկրամաս, այնպես էլ «նախկին թուրքահպատակ» հայերով, որոնք, ինչպես պարզվում է, տարվել են Տոմսկի մարզ և այնտեղ «տեղավորվել» որպես «թուրքեր», տեղահանությունը կազմակերպողներին տալով «թուրքերի»՝ հրամանով նախատեսված անհրաժեշտ թիվը, ինչը հաստատվում է նաև Մեմորիալ հիմնադրամի հրապարակած՝ բռնադատվածների անձնական տվյալների շտեմարանում հրապարակված տվյալներով։