Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում։ Դրան զուգահեռ համացանցում հրապարակվել է 2017 թվականին Գեղարքունիքի մարզում օլիգարխի հանձնարարությամբ ընտրակաշառք բաժանելու մասին հաշվետվության փաստաթղթի լուսանկարը, որի սկզբնաղբյուրը Ֆեյսբուքի «Անհերքելի փաստեր» խումբն է։
https://www.facebook.com/662341717536160/photos/a.698761927227472/975258309577831/?type=3&theater
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Ծառուկյանի«Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի տնօրինությունը տաղավարների աշխատակիցներին եւ վարձակալներին թույլ չի տալիս աշխատանքի անցնել։ Նրանց ուղղորդում են Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու։
Օլիգարխի դղյակին հարակից տարածքում է նաև հասարակական գործիչ Վարդգես Գասպարին, ով պատասխանել է ներկա լրագրողներից մեկի հարցին․
– Պարոն Գասպարի, ինչու՞ եք այստեղ, սատարո՞ւմ եք Ծառուկյանին։
– Իհարկե ոչ, ես սատարում եմ իրավապահներին, հանցավորության դեմ պայքարում․․․
Խուզարկության մասին կիրակի առավոտվանից ահազանգում են ԲՀԿ խմբակցության պատգամավորները ֆեյսբուքում իրենց էջերով։
Նաիրա Զոհրաբյանը զավեշտ է համարում 2017 թվականի ընտրությունների հետ կապված ապօրինությունների ապացույցների փաստերը հայտնաբերելու փորձը․ «Որքան մեզ հասած տեղեկություններով, ասեմ, զավեշտը պատկերացրեք, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք Մարտունիում, Վազգեն եմ հիշում անունը, պատգամավորության թեկնածու առաջադրված մեծամասնականով, իբր այդ թեկնածուի հետ ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենալու համար, չգիտեմ գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան ասել` ինչի մասին է խոսքը: Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, մեր բազմաթիվ կուսակիցների, համախոհների բնակարաններում այս պահին գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ: Այս իշխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն»:
Նա հայտարարեց, որ իրենցից ոչ ոք ձերբակալվելուց չի վախենում: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ պնդեց, որ սա քաղաքական հետապնդում է:
https://www.facebook.com/arman.abovyan.104/videos/278916310146252/
«Հայկական ժամանակը» հայտնում է, որ այս գործի շրջանակներում մի քանի տասնյակ խուզարկություններ են իրականացվում․ «Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու»: