«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ 47 երկիր ստորագրել է այն, 44-ում՝ Կոնվենցիան արդեն իսկ ուժի մեջ է մտել։ Հայաստանի Հանրապետությունը այն ստորագրել էր 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։

Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է՝ ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցմանը, իրազեկմանն ու համագործակցությանը: Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է մի շարք իրավական պարտավորություններ, այդ թվում՝ ձեռնարկել օրենսդրական, կազմակերպչական, քաղաքականության փոփոխմանն ուղղված միջոցառումներ, հաստատել ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, մշակել և իրագործել համապատասխան մեխանիզմներ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, իրավապահ և դատական մարմիններում՝ ուղղված մանկապղծության/երեխաների սեռական շահագործման դեմ արդյունավետ պայքարին։

Կոնվենցիան, հիշեցնենք, Ազգային ժողովում քննարկվել էր դեռևս ուրբաթ՝ մայիսի 8-ին,  խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այն «հարցադրող» հիմնական ուժն էր Ազգային ժողովում։ Ելույթով հանդես եկավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով կենտրոնացել էր հիմնականում սեռական կրթությանը վերաբերող դրույթի վրա․ «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ դպրոցում ստանան սեռական շահագործման և սեռական բռնությունների նկատմամբ վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, սեռական կրթությունը, որի շնորհիվ երեխաները տեղեկանում են վտանգների և ինքնապաշտպանության միջոցների մասին, սպառնալիք է․ «հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխաները» չպետք է սովորեն սեռական շահագործումից պաշտպանվել, քանի որ դա հակացուցված է «մեր ազգային մենթալիտետին»։ Ի լրումն իր գործընկերոջ ասածի` բհկական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց պարզապես ստերջացնել մանկապիղծներին։

Այսօր՝ երկրորդ ընթերցման ժամանակ, Գևորգ Պետրոսյանը վարման կարգով կրկին հիշեցրեց, որ Կոնվենցիան, իր կարծիքով, «ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարակության շահերը»։ Ըստ Պետրոսյանի, Հայ առաքելական եկեղեցին ևս դեմ է դրան․ «Երեկ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր, նրանք բոլորը դեմ են արտահայտվում կոնվենցիային»։

Պետրոսյանի մտահոգված ելույթին արձագանքնելով՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ կոնվենցիայի վավերացման հարցն ավելի վաղ քննարկվել է հանձնաժողովի նիստում, որտեղ բոլորը, այդ թվում՝ հենց ԲՀԿ-ն, կողմ են քվեարկել: «Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են Ձեր դիրքորոշման վրա ազդել և Ձեր դիրքորոշումը փոխել: Կոնվենցիան երեխաների շահերից է բխում, և սա կանխելու է մանկապղծությունը Հայաստանում», – ասաց Մակունցը: