Ազգային ժողովի հերթական նիստն այսօր ընդհատվեց պատգամավորների միջև ծեծկռտուքով․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում վեր կացավ տեղից, Մարուքյանն ընդառաջեց նրան, Միքայելյանն ապտակեց Մարուքյանին, ընդհարումը վերածվեց խմբակային ծեծկռտուքի։ Քիչ անց խորհրդարանի խոսնակ Արարտ Միրզոյանը ընդմիջում հայտարարեց, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, ավելու ուշ՝ նաև պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին այսօրվա նիստին, հեռացան փակ խորհդակցության։ Ընդմիջման ընթացքում սոցցանցերն ու մամուլը հանդես էին գալիս Սասուն Միքայելյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչով։
«Որևէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողություն անելու հետ կապված միտք չի արտահայտել։ Նման հարց չի քննարկվել։ Ոչ մեկ չպետք է մանդատը վայր դնի», – ՔՊ-ի վարչության անդամների փակ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պատգամավորների միջև ծեծկռտուքին, ասաց Ազգայի ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը, ով օրեր առաջ՝ «տրվելով» հայտնի միաբանության անդամներից մեկի «սադրանքներին», փողոցի մեջտեղում գլխով հարվածել էր վերջինիս քթին, իսկ դրանից առաջ՝ Ազգային ժողովի դահլիճում «վիճաբանություն» էր ունեցել ԼՀԿ պատգամավորների և հատկապես Էդմոն Մարուքյանի հետ, Սասուն Միքայելյանի ապտակը նույնպես մեկնաբանեց որպես «սանդրանքներին տրվել»․ «Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը․․․ Սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որևէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:
Ըդմիջումից հետո ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ժամեր առաջ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը պետք է արժանանա քաղաքական գնահատականի և քաղաքական հետևանքների «Ակնկալում ենք իշխող խմբակցությունից, Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից լայն քաղաքական գնահատականներ, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները կլքեն նիստերի դահլիճը և կախված քաղաքական գնահատականներից՝ «եզրահանգումներ կանենք, թե ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»։
ԼՀԿ պատգամաբորների հեռանալուց հետո ելույթով հանդես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ավելի ուշ՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը դատաապարտեց բռնությունն «իր բոլոր դրսեւորումներով» և (առանձնահատուկ) ընդգծեց, որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական և հոգեբանական․ «Արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների»։
Ըստ Փաշինյանի, բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վերաբերյալ: Վարչապետի կարծիքով, այդ ամենն արվում է մեկ նպատակ՝ «խեղճացնել և քայքայել» քաղաքական մեծամասնությանը, շեղել իր որդեգրած արժեքներից, դրդել բռնության։
Սասուն Միքայելյանի մասնակցությամբ միջադեպը վարչապետը ձևակերպեց որպես «քստմնելի սադրանք» և դատապարտեց, որ «մենք կարող ենք տրվել այս սադրանքին»։ Ըստ նրա, սանդրանքը «նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները»․ «Սա է իմ գնահատականը այսօր տեղի ունեցած միջադեպի։ Եվ այո, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ, և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո», – ասաց վարչապետը՝ շարունակելով իր ելույթը «Ես անում եմ իմ քայլը» բանաստեղծության՝ «Ես պարվել եմ, պարտվել եմ քանիցս․․․» քառյակով։
Ըստ նրա, տեղի ունեցածը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, բազմաթիվ և բազմապիսի քրեական գործերի հետ․ «Որովհետև երբ որ այդ գողացված միջոցները վերադարձվեն, որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»։
Ըստ նրա, այսօր «բռնության է ենթարկվում ոչ միայն քաղաքական մեծամասնությունը», այլև հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը․ «Որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ․ կամ մենք պետք է դառնանք պադյեզդում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց։ Թույլ չենք տա։ Այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք»։
Այս միջադեպը այլևս երբեք չպետք է կրկնվի, նշեց վարչապետը։ Նույնիսկ հեղափոխության ժամանակ, ըստ նրա, այսպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսևորումներ չեն եղել, և էլի «միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը՝ պլաստիկի շիշը ուղղորդելով դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանին», բայց այսօր, ըստ Փաշինյանի, «մենք պարտվեցինք»․ «Ես դատապարտում եմ, հարգելի պարոն Միքայելյան, ձե՛զ, ես դատապարտում եմ ի՛նձ, ես դատապարտում եմ մե՛զ․․․», – եզրափակեց Փաշինյանը։