Խորհրդարանական հերթական նիստն այսօր ընդհատվեց պատգամավորների միջև ծեծկռտուքով․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում վեր կացավ տեղից, Մարուքյանն ընդառաջեց նրան, Միքայելյանն ապտակեց Մարուքյանին, ընդհարումը վերածվեց խմբակային ծեծկռտուքի․ պարզ չէր, ամբոխից ով է մասնակցում քաշքուքին, ով՝ փորձում հանգստացնել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հակադարձեց պատգամավոր Բաբկեն Թունյանին, ով ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները տալիս են իր հեռախոսահամարը․ «Եթերով [ինքներդ] ձեր համարն ասում եք, հետո 120 զանգ ստանում, ասում` Լուսավորն է համարս տվել», – ասաց Մարուքյանը:
Մարուքյանի ելույթը տեղից մեկնաբանող իմքայլականների շարքում էր նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Պատասխանելով նրան՝ Մարուքյանն ամբիոնից ասաց․ «Պարոն Միքայելյան, ես հոպար չեմ ձեզ համար»: Միքայելյանն ի պատասխան սպառնաց «ցխել» նրան:
«Ինչը կցխես է», – հակադարձեց Մարուքյանը՝ մոտենալով արդեն տեղից վեր կացած Միքայելյանին։ Պատգամավորների հանդիպումը սկսվեց Սասուն Միքայելյանի ապտակից, որը վերածվեց քաշքշուկի։ Քաշքշուկին միացած խորհրդարանականների մի մասը փորձում էր հանգստացնել մյուս մասին, որը ներգրավվել էր ծեծկռտուքին՝ խոսքով կամ գործով։ Քիչ անց ամբոխին միացավ նաև պարետ Տիգրան Ավինյանը՝ փորձելով բաժանել պատգամավորներին և հանդարտացնել իրավիճակը։
Իրավիճակի քիչ ժամանակ անց հանդարտվեց, Մարուքյանը պահանջեց վերականգնել իր ելույթի տասը րոպեն և վերադարձավ անբիոնի մոտ․ «Ինձ ինչքան էլ խփեք ես խոսելու եմ․․․ո՞վ եկավ թաքուն մեջքիս խփեց», – ասաց Մարուքյանը։
Միքայելյանը տեղից շարունակում էր գոռալ։ Նրա սպառնալիքներին պատասխանելով՝ Մարուքյանը նշեց, որ «իր վիզը կտրողը դեռ չի ծնվել»։ Իրավիճակը կրկին լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց և խորհրդարանի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։
Ընդմիջումը երկրաձգվեց մինչև 14։30։ Այժմ «Իմ քայլը» պմբակցության պատգամավորները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկման են խորհրդարանում։