Ազգային ժողովի մայիսի 8-ի նիստն ընդհատվեց ծեծկռտուքով։ Սոցցանցերն անմիջապես արձագանքեցին, տարատեսակ կոչեր հնչեցին՝ ընդհուպ մինչև «Իմ Քայլը» պատգամավոր Սասուն Միքայելյանին պատգամավորական մանդատից զրկելը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է․ «Այն Երկրապահի, որի ղեկավար Սասուն Միքաելյանը քիչ առաջ բռունցքներով հարձակվեց խորհրդարանական ընդդիմության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա։
Այս պատմությունն ինձ հիշեցրեց այն հին ժամանակները, երբ երկրապահ լինելը ինդուլգենցիա էր ամեն տեսակի արարքի համար։
Հույս ունեմ, որ «Իմ Քայլի» ռեակցիան չի սահմանափակվի ծեծկռտուքի ամենաթեժ պահին Արարատ Միրզոյանի ասած «Էէէէ, չի կարելի, էլի»-ով»։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը կոչ է անում զինաթափե՛լ Երկրապահ կամավորականների միությունը․ «Այլապես նրանք կկրակեն հենց ԱԺ-ում: Մենք ունենք Հայկական բանակ, մեզ ֆիդայիներ պետք չեն»։
«Այո, պարոնայք, դուք խայտառակում եք ռեսպուբլիկան ու հետևից հարձակվող Վահե Ղալումյանն ու մեջքից խփող Արտակ Մանուկյանը [«Իմ Քայլի» պատգամավորներ] ավելի շատ, քան նույնիսկ Սասուն Միքայելյանը։
ԱԺ-ում քրեական մշակույթը դեռ անձեռնմխելի ա ու ուզում եք դրսո՞ւմ կամ բանակո՞ւմ վերանա», – իր հերթին, արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։
Նույն իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնությունները խուլիգանության դրսևորում անվանեց․ «Սասուն Միքայելյանի բռնի ու բռի գործողությունը խոստորեն դատապարտում եմ, այն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի վարքագծի հետ:
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը պետք է հստակ և միանշանակ գնահատական տա իր խմբակցության անդամի վարքագծին և գործողությանը»։
Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ տեղի ունեցած «տղայական ռազբորկան» ապացույցն է նրա, որ երկրում արժեքային հեղափոխություն չի եղել։
«Ինչպես և նախկին խորհրդարաններում, այնպես էլ այսօր կարող են ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորին ասել «շիշը կտամ գլխիդ» կամ «վիզդ կկտրեմ», ու ամենահատկանշականն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ձեռքի տակից ուղղակի հեռացնում են ջրի շիշը, վստահ լինելով, որ հնչեցրածը կիրագործի։
Հստակ է, որ դա նույն «ուժեղ տղամարդու» կեղծ դիսկուրսի շարունակությունն է, որը եղել ու մնում է, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվորեն սնուցվում ու խրախուսվում է քաղաքական էլիտայի կողմից, ի չիք դնելով առանց բռնության հասարակություն ունենալու ներդրված ջանքերը», – մասնավորապես, ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ։
Ընկերամշակութային մարդաբան Հրակ Փափազյանը հիշեց նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մասին․
«Մանդատից զրկել
– Սասունին
– Էդմոնին
– (ուշացումով) Ալենին
– մնացած ակնյայտ բռնարարներուն (Էդմոնի ետեւէն խփողը եւ թերեւս այլք)»։
Լրագրող Քրիստինե Խանումյանը գրել է, որ տեղի ունեցածի հարցը այլ տեղ է.«Իսկ կա՞ր տեղի ունեցածի համար օբյեկտիվ հանգամանք, արդյո՞ք իքս անձը ասել կամ արել է մի այնպիսիիիի բան, որ դիմացինը պահի տակ մոռացել է, թե ինքն ով է ու որտեղ, և էմոցիաներին տուրք տալով` դիմել է բռունցնքներին, (որտև, հա, կարա լինի տեսականորեն նման իրավիճակ)։
Բայց նայում ու տեսնում ես, որ վարչապետը ԱԺ-ում նստած, Մարուքյանը սովորականի նման (անգամ իրա սովորականից էլ մեղմ) ինչ-որ բաներ է ասում, (կապ չունի՝ ինչ, բայց չի անում այնպիսի անսպասելի կամ աներևակայելի բան, որին կարող է հաջորդել որևէ մեկի անզուսպ ռեակցիան), մեկ էլ Սասուն Միքայելյանը հոպ…
և հարցը հիմնական դառնում է դա` ուրեմն ինչի՞․․․ թե բա Մարուքյանը սադրել ա, դա պատճառ չի, դա պատճառաբանություն է, որտև քաղաքական խոսքին բռունցքներ չեն հաջորդում, սադրիչ լինի, թե` ոչ։
Ու արդյունքում ստացվում ա, որ պատճառ չի եղել, բա ինչի՞ ուրեմն սարքվեց էս կինոն, այդ ո՞վ է դրսից Նիկոլի աչքի առաջ, Նիկոլի թիմակիցների կնոպկեն սեղմում, որ ցույց տա, թե տես՝ ես եմ տիրապետում իրավիճակին, քո մարդկանցից ոմանց պուլտը իմ ձեռքում է, ու կարող եմ այ էսպես չեղած տեղը չեղած բանից այ սենց կիլդիմ սարքեմ քո իսկ աչքի առաջ, ինչ կա չկա վարկաբեկեմ։
Նիկոլ ջան, թիմը տենց բան ա, եթե դու չես «տիրություն» անում, ուրիշներն են անում, ու սա ոչ թե առաջին ծիծեռնակն էր, այլ արդեն բաց կոչնակը, քո խմբակցությունն այ սենց հատ առ հատ կտանեն, իսկ թե տանեն, որ ի՞նչ անեն, էդ մի տարուց ավել է գրում են տանողները»։