«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին ուղղված գրություն է ստորագրել, որով առաջարկում է համաներում հայտարարել 27 տարին լրացած 3647 քաղաքացիների նկատմամբ, որոնք երկրից դուրս են և հետախուզման մեջ են գտնվում Զինված ուժերում չծառայելու համար։ Նրա համոզմամբ՝ սա հնարավորություն կտա լուծել նաև ժողովրդագրության խնդիրը․ «Մարդկանց շանս ենք տալիս, որ գան հայրենիք, կանգնեն պահեստազոր և իրենց կյանքը այստեղ շարունակեն։ Հայաստանում բնակչության թիվը այս կերպ կավելանա»։
Մարուքյանը վարչապետին գրություն է ուղղում, քանի որ խմբակցությունը չունի համաներման նախաձեռնության իրավունք․ «Ես հիմա գրություն եմ ստորագրելու՝ ուղղված վարչապետին՝ առաջարկելով, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի և 3647 քաղաքացիների համար մենք համաներում հայտարարենք։ Ես գիտեմ, որ հիմա փաստարկներ կհնչեն, որ վա՛յ, չեն ծառայել, ոչ մի համաներում, նրանք պետք է նստեն։
Հիշեցնեմ, որ սա միջին ծանրության հանցագործություն է, մինչդեռ, վերջին համաներման ժամանակ՝ ծանր հանցագործություն կատարած անձինք ներվել են։
Այսինքն՝ մարդիկ, որոնք ռեալ հանցագործություն են արել, այդ մարդկանց խորհրդարանը համաներմամբ ազատել է, բայց այն մարդիկ, որոնք տարիներ առաջ տարբեր իրավիճակներով պայմանավորված լքել են Հայաստանը, հետո ինտեգրվել են այլ հասարակության մեջ, իսկ հիմա ուզում են գալ հայրենիք, մենք նրանց հնարավորություն չտա՞նք, որ գան։ Ես կարծում եմ, որ պետք է այդ հնարավորությունը տանք 3647 հոգուն, դրա տակ կմնա մոտ 7000 մարդ, որի 27 տարեկանը չի լրացել, նրանք էլ երբ գան Հայաստան՝ Զինված ուժերում կծառայեն»։
Ըստ պատգամավորի հրապարակած տվյալների՝ 2015 թվականին հետախուզվող է համարվել 11 043 մարդ, հայտնաբերվել է 835-ը։ 2016-ին հետախուզվող է համարվել 10 208 մարդ, 2017-ին՝ 10 741, 2018-ին՝ 11 170 և 2019-ին՝ 10 940 մարդ։