Հայաստանյան քաղաքական դաշտում կին քաղաքական գործիչներին լռեցնելու փորձեր հաճախ են լինում, և Աժ այսօրվա նիստը բացառություն չէր։ Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիրմոնյանն էր որոշել փայլատակել էթիկապես ցածրորակ խոսքով և թիրախում, իհարկե, իրեն հաճախ քննադատող կին պատգամավորն էր։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԱԺ արտահերթ նիստում ծավալված բանավեճը, Ֆեյսբուքում արված գրառման մեջ մատնանշել է «Իմ Քայլը» պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի սեքսիստական դրսևորումները։
Տարբեր օգտատերերի արձագանքներն էին կապված կին պատգամավորի հասցեին արված հայտարարությունների հետ։ Մասնավորապես, նշվում էր․ ստացվում է, որ, ըստ տղամարդ պատգամավորների, կին պատգամավորի կողմից՝ իրենց հասցեին հնչեցված քննադատությունը միայն իրենց ինչ-որ առանձնահատուկ ուշադրության արժանացնելու կամ իրենով անելու նպատակով կարող է արվել։ Ղարաբաղյան քաղաքական գործիչներից մեկի կարծիքով էլ՝ կատարվածից հետո Ալեն Սիմոնյանը պետք է լքի խորհրդարանը։
Միջադեպը Սիմոնյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև էր: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը կասկածի տակ էր առել Ալեն Սիմոնյանի դերը։ Սիմոնյանը պատասխանեց․
«Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ։ Առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, որովհետև տպավորություն է, որ Ձեզ մոտ ինչ-որ մանիակալ բան է։ Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, ես պատասխանելու եմ Ձեր փեշի հետևում թաքնված Էդմոն Մարուքյանին։ Մեկ Գորգիսյանին է խնդրում, որ իր տեղը ելույթ ունենա, մեկ Ձեզ է խնդրում, որովհետև ինքը չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում»։
«Նախ, ի՞նչն է տգեղ դիտվում, – գրում է Զառա Հովհաննիսյանը, – քաղաքական գործիչը կարող է քննադատել մեկ այլ քաղաքական գործչի՝ որքան կա դրա կարիքը, անկախ սեռային պատկանելությունից։ Ալեն Սիմոնյանը փորձեց շատ տարածված սեքսիզմի դրսևորմամբ սաստել, նվաստացնել, պակաս կշիռ հաղորդել իր հանդեպ հնչեցվող քննադատությանը, միայն շեշտադրելով ընդդիմախոսի սեռը, միաժամանակ գերագնահատելով իրեն, որպես ցանկալի տղամարդ։ Այսպիսով , դա շատ տարածված հնարք է՝ կանանց հետ պահելու ակտիվ քաղաքական գործունեությունից, նվազեցնելու կին քաղաքական գործիչների կշիռն ու ազդեցությունը»։
Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը հայտարարել է․այս ամենի պատճառն այն է, որ ինքը Միքայել Մինասյանի մասին է խոսել, ինչը և վրդովեցրել է Մարուքյանին: «Թիմի մասին խոսելիս, երբ լսեցի, որ դուք խոսում եք,ում եք, հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ ես իմ ընկերների հետ, ու շատերը մահանալուց պրծան, ես ձեզ գրում էի «Ելք» խմբակցության խմբի մեջ, ասում էի` խնդրում եմ, դուրս եկեք փողոց, դուրս եկեք երևանցիների համար։ Ձեզանից որևէ մեկը դուրս չեկավ: Իսկ էդ ժամանակ Էդմոն Մարուքյանն ընդդիմության տեսիլք ստեղծելու համար, որպեսզի Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի, Սերժ Սարգսյանին առնվազն 15 անգամ պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան էր ասում: Դրա մասին կխոսենք հետո, ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե ինչի է էդպես եղել», – հայտարարեց Սիմոնյանը, ինչին ի պատասխան լսվեց Անի Սամսոնյանի ձայնը՝ մենք էլ պատմելիք ունենք։
Տեղից խոսացող Էդմոն Մարուքյանին Սիմոնյանը կոչ արեց իրեն դուք-ով դիմել․ «Կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես»։
«Միշիկը քո ախպերն ա, այ հոգնած», – արձագանքեց Մարուքյանը:
«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա», – կոչ արեց Սիմոնյանը:
Այս ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձում էր հանդարտեցնել կողմերին։ Եվ լսվեց Մարուքյանի պատասխանը․ «Անբարոյականի վաստակ»։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց, սակայն միայն քաղաքացիներից՝ տեղի ունեցածի ականատեսը լինելու համար․ «Կարծում եմ, եզրակացությունները կանեք դուք։ Այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում ֆիքսել, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի»։
Իսկ արդեն ուշ երեկոյան Սիմոնյանն ուղիղ եթեր դուրս եկավ՝ ներողություն խնդրելով Սամսոնյանից և ընդունելով իր սխալը․
– Ուզում եմ ասել, որ այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոնյանի հետ, որը որ ես արել եմ, ես համարում եմ սխալ և ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ ես, այնուամենայնիվ, պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեև ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել։ Միգուցե, դա եղել է զուտ ջղայնությունից, լարվածությունից դրդված։ Եվ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում նրա մեջ, որ հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, որպես հայ տղամարդ ասում եմ եթերով, նույնիսկ իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը բավականին ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել։ Ընդունում եմ քննադատությունը, որը կարդացի, լսեցի, և ներողություն եմ խնդրում։ Ելույթի ժամանակ քաղաքական խոսքն ասվում է, բնական է, այն կարող է լինել սուր, կոշտ, կոպիտ, բայց ընդունենք, որ, այնուամենայնիվ, հնչած սեռական բնույթի վիրավորանքին ես նույնպես չէի կարող չպատասխանել։ Եվ եթե դուք տեսնեք տեսանյութը, ամբողջ տեքստը բաղկացած է իմ՝ հակադարձելու տրամաբանության մեջ։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ պակաս խտրական չէր նաև Ալեն Սիմոնյանի՝ Մարուքյանին ուղղված՝ կնոջ փեշի տակ թաքնվելու վերաբերյալ արտահայտությունը, «որով նա փորձում էր հարվածել Անի Սամսոնյանին, որը միայն տղամարդու դրդմամբ է գործում և սեփական համոզմունքն ու կարծիքը չունի, քանի որ կին է։
Այսպիսով, կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը։ Եվ ամենատհաճն ու զարմանալին այն է, որ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանը, որն ի պաշտոնե, վարողի իրավունքով, կարող էր սաստել իր գործընկերոջը, սադրանք համարեց Էդմոն Մարուքյանի միջամտությունը, որը վրդովվել էր Ալեն Սիմոնյանի ելույթից։
Եվ ամենակարևորը, Աժ Կանոնակարգ սահմանադրական օրենքը հնարավորություն է տալիս, որպեսզի նման դեպքերով էթիկայի հանձնաժողով կազմակերպվի։ Քանի՞ նման միջադեպ պետք է լինի, որպեսզի 7-րդ գումարման ԱԺ-ն վերջապես մտածի էթիկական խնդիրների մասին»։
Այսօր ԱԺ ամբիոնից Անի Սամսոնյանը, մասնավորապես, խոսել էր նախօրեին բերման ենթարկված քաղաքացի Միքայել Մարգարյանի մասին, ով կառավարության շենքի մոտ էր եկել՝ բողոքելու, որ իրեն ստիպում են կոմունալ վճարումներ կատարել։ Մարգարյանն, ըստ պատգամավորի, վառ ապացույցն է նրա, որ կառավարության հասցեական քաղաքացիությունը տխուր վիճակում է։ Մարգարյանի ընտանիքը զբաղվում է մշակութային միջոցառումներով, որոնց կազմակերպումն արտակարգ իրավիճակի պայմաններում անհնար է։ Իր խոսքը Սամսոնյանն այսպես եզրափակեց․
– Հաջորդ անգամ, երբ որևէ քաղաքացուն բերման կենթարկեն, հարգելի իշխանության պատգամավորներ, գնացե՛ք նրա հետևից և բացատրեք նրան ձեր հասցեականության քաղաքականությունը։ Եվ չմոռանաք ձեզ հետ տանել փոխխոսնակ և մարդկանց 100 հազար դրամ աջակցությունն էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա էլ բացատրի։ Չնայած, գիտե՞ք ինչ, կարող եք չտանել, որովհետև նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ո՞ւր մնաց մենք և ժողովուրդը լուրջ ընդունի։
Ղարաբաղյան Ազգային վերածնունդ կուսակցության փոխնախագահ Տիգրան Գրիգորյանը ևս անդրադարձել էր միջադեպին՝ նշելով, որ Սիմոնյանը պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից՝ Սամսոնյանի հասցնեին արված հայտարարությունների համար․
«Քաղաքակիրթ երկրներում մանդատն էլ կկորցներ։ Սա իշխող ուժի քաղաքական իմիջի հարց է արդեն։
Եթե մեր ԱԺ փոխխոսնակը Ալեն Սիմոնյանն է, զարմանալի չէ, որ հակաիշխանական բևեռի գլխավոր դեմքն էլ Միշիկն ա իր քոմենթներում լռվող գազանանոցով»։
«Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է, – ավելի ուշ արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ – Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:
Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը (Ani Samsonyan) մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։
Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ»։