Ընդդեմ կանանց նկատմամբ բռնութնան կոալիցիայի հայտարարությունը հանրային խորհրդի անդամի գրառման վերաբերյալ․
«Օրերս, Գյումրիում զուգընկերոջ կողմից սպանված կնոջ դեպքը ցնցեց հասարակությունը իր դաժանությամբ։ Սակայն եղան նաև բռնությունն արդարացնող և զոհին կրկնազոհայնացնողներ, որոնց մեջ, ցավալիորեն, կային նաև հանրային դիրք ունեցող անձինք։ Նրանցից մեկը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ոչ միայն ակնհայտորեն արդարացնում էր այս սարսափելի բռնությունը, այլև անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնում սպանված կնոջ հասցեին։
Նման գրառմանը հետևեց մարդկանց կոշտ արձագանքը համացանցում, ինչպես նաև Հանրային խորհրդի դատապարտող հայտարարությունը։ Սակայն, միայն այն փաստը, որ մարդու իրավունքների վերաբերյալ նման գիտակցությամբ անձինք ՀԽ կազմում են և հանրային կարևորագույն խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու մոտեցումներ են հրապարակում, արդեն խորը մտահոգություն է առաջացնում։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խստորեն դատապարտում է կնատյացության ցանկացած դրսևորում, զոհին կրկնազոհականացնելու ցանկացած միտում, և պահանջում․
– ՀԽ առաջիկա նիստում քննարկել Աշոտ Միրզոյանի անդամակցության հարցը սույն կառույցին,
– նիստը կազմակերպել բաց, որպեսզի հանրությունը տեսնի և լսի բոլոր կարծիքները, ինչը հնարավորություն կտա կարծիք կազմելու նաև ՀԽ մյուս անդամների պատկերացումների մասին։
Մեր խորագույն համոզմամբ, նման տեսակետը կիսողները ևս անհապաղ պետք է լքեն հանրային խորհուրդն, ու այսուհետ հանրային կարևորություն ներկայացնող հարցերը պետք է քննարկվեն միայն մարդու իրավունքների վերաբերյալ առնվազն պատկերացում ունեցող անձանց մասնակցությամբ։»
Հիշեցնենք, որ մարտի 4-ին 28-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել անչափահաս աղջկան և նրա մորը, ով ծեծից մոտ 8 ժամ հետո մահացել է իր տանը։ 43-ամյա կնոջ մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են կնոջ մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան գանգուղեղային փակ վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց։