Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:
Ըստ դատախազության, նշված ժամանակահատվածում ստացվել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում: Մյուս 10 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել:
Դրանցից 6-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, 9-ը՝ քաղաքացու կողմից ներկայացված դիմումների, մյուսները՝ դատախազությանն ու ոստիկանությանն ուղղված զանգերի և դիմումների հիման վրա։
Նշվածներից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք եղել են առերևույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ: Մասնավորապես՝ դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք, իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: