Բաքվի բնակչուհի Այսել Ալեքբերզադեն մարտի 8-ի ֆեմինիստական երթին մասնակցելուց հետո ինքնասպանության փորձ է արել։
24-ամյա Ալեքբերզադեն նետվել է Բաքվի Յասամալի շրջանի բնակելի շենքի երրորդ հարկի պատշգամբից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ Այսելը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով՝ «ինքնասպանության հասցնել»։ Կատարվում է քննություն։
Այսել Ալեքբերզադեն մարտի 8-ի ֆեմինիստական երթին «Հեշտոցն իմն է, ում ուզում եմ՝ տալիս եմ» բովանդակությամբ պաստառ էր պարզել, ինչը մամուլում և սոցցանցորում իսկական խուճապ էր ստեղծել։
«Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ոմանք, գուցե՝ մեծամասնությունը, քննադատում են ֆեմինիստներին։ Նրանցից մեկի՝ ադրբեջանական ընթերցողի մոտ պահանջարկ չունեցող պահանջը (հեգնական, հավանաբար, հիմա հեղինակին չես էլ հարցնի) երթի մասին վիրավորական գնահատականների պատճառ դարձավ», — «Կավկազսկիյ ուզելում» գրում է Ветер с Апшерона (Քամի Ապշերոնից) կեղծանունով հեղինակը։
«Ակցիայի ժամանակ պահած պաստառի պատճառով Ալեքբերզադեն սոցիալական ցանցերում քննադատության օբյեկտ էր դարձել։ Պատուհանից նետվելուց առաջ նա այդ մասին գրել է ֆեյսբուքում։
Չնայած այդ պաստառին, ես ակցիայի մասին ԶԼՄ֊ներում միայն դրականապես անդրադարձած հեղինակներից եմ։ Կատարվածի մասին իմանալուց հետո ինձ վատ եմ զգում, ասես ես էլ մեղավոր լինեմ։ Իհարկե մեղավոր եմ․ բոլորս էլ հայրիշխանական հայացքներ ունենք։ Խոսքը սեռական ազատության մասին չէ, այդ առումով մենք ազատ ենք, այնպիսի խրախճանք է գնում, որ Եվրոպան կզարմանար։
Խոսքը մեր պատրիարխալության մասին է, որն արտահայտվում է այլ կարծիքը, այլ դիրքորոշումը ընդունելու ու հարգելու մեր անկարողությամբ։ Մեր մոտ բոլորը իրենց միակ ճշմարտամիտն են համարում ու կարծում են, որ ուրիշներին քննադատելու իրավունք ունեն։ Սոցիալական ցանցերում հիմա ուրախանում ու չարախոսում են, գրում, որ բոլորին է պետք սպանել․․․
Այսել, դու սկանդալային պաստառ էիր բարձրացրել, որ քո էպատաժով, բողոքով շարժես հասարակությունը, առաջարկես մի անգամ էլ մտածել կյանքի արժեքների մասին։ Անձնական ազատություն չունենալով, ժողովուրդը ազատ լինել չի կարող, այսինք, չի կարող ազատ լինել նաև պետությունը։
Այսել, դու գիտեիր, որ քո վրա կհարձակվեն թե հասարակությունը, թե ընտանիքդ։ Դու գիտես՝ որտեղ ես ապրում։ Ինչու չշարունակեցիր պայքարդ, ինչու հեշտ հանձնվեցիր, ուժեղորեն ցույցի դուրս եկար, բայց երկու օր անց թուլացար ու չկարողացար դիմադրել հասարակական կարծիքին։
Թքած այսպիսի հասարակության վրա։ Այս աղջկա կյանքը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան նրան վիրավորածների գոյությունը։ Թող շուտ լավանա, առայժմ ուրիշ ոչինչ ցանկանալ չեմ կարող», – գրում է հոդվածի հեղինակը։