հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Օջախում կանայք են սպանվում․ երթ Գյումրիում

Օջախում կանայք են սպանվում․ երթ Գյումրիում

Մարտի 9-ին տասնյակ կանայք պաստառներով և վանկարկումներով Գյումրիի կենտրոնական հրապարակից քայլերթով գնացին քաղաքի դատախազության շենքի, այնուհետև՝ օրեր առաջ դաժան ծեծից մահացած Մարինեի տան մոտ։ Երթն ավարտվեց Մարինեի 13-ամյա դստեր դպրոցի դիմաց։

Մարինեին սպանել է նրա 28-ամյա զուգընկերը՝ մարտի 4-ին, Գյումրիում գտնվող նրա տան մեջ։ Տղամարդը ծեծել է նրան և նրա 13-ամյա աղջկան։ Ծեծից մոտ 8 ժամ հետո կինը մահացել է։

Մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները արձանագրել են Մարինեի մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան անգիտակից վիճակում՝ գանգուղեղային փակ վնասվածքներով, տեղափոխել հիվանդանոց։ Երեխան վիրահատվել է։

Բռնարարը խոստովանել է մեղքը, ձերբակալված է։

«Հերիք է սպանեք մեզ», «Օջախում կանայք են սպանվում», «Բռնությունն արդարացում չունի», «Հարևանները անտարբերությունը սպանում է կանանց», «Ազգը բանակ չէ, Ամուլսարը հանք չէ, կինը ապրանք չէ», «Ոչ բռնությանը փողոցում թե տանը», «Կինը կնոջը՝ թիկունք». այսպիսի պաստառներով և վանկարկումներով էր Գյումրիով շարժվում այսօրվա երթը։

Ծեծված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր առավոտյան նա կարճաժամկետ գիտակցության է եկել, երեկվանից սկսել է ինքնուրույն շնչել։

Վաղը Գյումրու հոգաբարձության ու խնամակալության հնաձնաժողովը կորոշի, թե ով է լինելու երեխայի խնամակալը։ Հայրը մահացել է, բարեկամները հրաժարվել են ստանձնել խնամքը, բայց դա պատրաստ են անել դպրոցի տնօրենը, ուսուցիչներից մի քանիսը և քաղաքապետարան դիմած բազմաթիվ մարդիկ։

Սա 5-րդ կնասպանության դեպքն է 2020 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում։