Ադրբեջանական REAL TV հեռուստաալիքի աշխատակիցները գործից ազատվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնել է Աֆեթ Թելմանգիզին, ով REAL TV-ի աշխատակից էր և պատգամավորի թեկնածու։
Աշխատանքից ազատվել են նաև պատգամավորի թեկնածու Լյաման Ալիաշրաֆգիզն ու Իլգար Միկաիլօղլուն, ում կինը ևս պատգամավորի թեկնածու էր։
Լրագրողները սոցիալական ցանցերում ընտրախախտումների մասին տեսանյութեր ու հոդվածներ էին հրապարակել։
Հեռուստաալիքի ղեկավարությունը պահանջել էր ջնջել քննադատական նյութերը, իսկ մերժում ստանալուց հետո երեքին էլ աշխատանքից ազատել էր, ավելի ճիշտ՝ չէր երկարաձգել պայմանագրերը, հայտնում է Meydan.tv-ն։
«Մեր առաջ պայման էին դրել․ կամ ջնջում եք քննադատական հրապարակումները, կամ աշխատանքից ազատվում եք։ Մենք հրաժարվեցինք, քանի որ ոչ մի վատ բան չէինք արել», – գրում է Աֆեթ Թելմանգիզին։
Փետրվարի 18-ին REAL TV-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Միլլի Մեջլիսի ընտրություններին մասնակցելու պատճառով, Ադրբեջանի աշխատանքային օրենսդրության համաձայն աշխատանքային պայմանագրի հետագա երկարաձգումը չի իրականացվի Աֆեթ Մահերամովայի և Լյաման Իսմաիլովայի հետ։ Ընտրական պրոցեսների ավարտից հետո նրանց նորից առաջարկեցին աշխատանքի վերադառնալ։ Հեռուստաալիքում նրանց գործունեությունը սահմանափակող պայմաններ չեն դրվել։
«Այս ամենը հաշվի առնելով, REAL TV-ն խնդրում է դադարեցնել ոչ ճշմարտացի պնդումների և իրականության հետ չհամապատասխանող տեղեկատվության տարածումը ԶԼՄ֊ներում և սոցիալական ցանցերում», – ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։