Ավելի քան երկու տարվա ազատազրկումից հետո ձեռնարկատեր և հովանավոր Օսման Կավալան ազատ կարձակվի, գրում է «Ազատություն Օսման Կավալային» ֆեյսբուքյան էջը։
https://www.facebook.com/FreeOsmanKavala/posts/1127404477591863
Ստամբուլի ծանր հանցագործությունների 30-րդ դատարանն այսօր Գեզիի գործով մեղադրվող 16 ցուցարարներից իննին անմեղ ճանաչեց։ Նրանց թվում էր նաև Օսման Կավալան, ում ցմահ ազատազրկում էր սպառնում։
Կավալան ու ընկերները մեղադրվում էին 2013-ին Գեզի այգու բողոքի ակցիան կազմակերպելու և հակակառավարական գործունեություն ծավալելու մեջ։
Գեզիի ցույցերը տեղի են ունեցել 2013 թվականին։ Ցուցարարները փորձում էին կանխել կառավարության առաջարկած զարգացման ծրագրի շրջանակներում Թաքսիմում նախատեսվող ծառահատումները։ Ցույցի ընթացքում սպանվել է ութ ցուցարար և մեկ ոստիկան:
Կավալան նաև մեղադրվում է «Գյուլենական ահաբեկչական խմբավորման» հետ կապեր ունենալու մեջ։
2019 թվականի սեպտեմբերի 7-ին 62-ամյա ձեռնարկատերը պարգևատրվել էր Եվրոպական հնագիտական ժառանգության մրցանակով՝ Թուրքիայում մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում իր մեծ ներդրման համար։