Home / Ազգային ժողով / Բաքվի ցուցարարներին ծեծում ու քաղաքից դուրս էին տանում

Բաքվի ցուցարարներին ծեծում ու քաղաքից դուրս էին տանում

Խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին Բաքվից դուրս են տանում։ Կիրակի՝ փետրվարի 16-ին, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ և դրանից հետո շուրջ վաթսուն քաղաքացի է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցությունների առաջնորդներ, պատգամավորի թեկնածուներ, դիտորդներ։

«Ընտրությունն իմ իրավունքն է», «Չեղարկե՛ք արդյունքները բոլոր օկրուգներում», «Ազատ ընտրություններ»․ այսպիսի կարգախոսներ էին հնչում ԿԸՀ դիմաց։

Ուժայինների 15.00-ից մինչև 16.30 տևած հատուկ գործողության ժամանակ Յութուբը դժվար հասանելի էր մի շարք պրովայդերների համար, որոնցից գլխավորը պետական Բաքտելեկոմն է։ Մարդիկ խոսում են Բաքվի կենտրոնում բջջային ինտերնետի անհասանելիության մասին։

«Հանրապետական այլնտրանք» (ՌեԱլ) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը պատմում է, որ իրեն 4 ժամ մեքենայով տեղաշարժել են, հետո բաց թողել Բաքու֊Շամախի մայրուղու վրա գտնվող «Իզոտոպ» ռադիոակտիվ թափոնների վերամշակմամբ զբաղվող գործարանի մոտ։

D18 շարժման առաջնորդ, պատգամավորի թեկնածու Ռուսլան Իզեթլիին տեղափոխել են Եվլախ քաղաք (Բաքվից 300 կմ արևմուտք) և միայն այտեղ բաց թողել։

«Շարժում» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Մեհման Հուսեյնովին և Ուլվի Հասանլիին բաց են թողել Հաջիկաբուլ֊Քյուրդամիր մայրուղու վրա (Բաքվից 150 կմ արևմուտք)։

Ակցիայի ընթացքում բերման ենթարկված այլ քաղաքացիների ավտոբուսներով տեղափոխել են Բաքվից 60-80 կմ և ազատ արձակել Անգաչալայի, Ալյաթի, Գոբուստանի, Բաքու֊Շամախի մայրուղու ամայի հատվածներում։