Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող ղարաբաղաբնակ հայերը կարող են մասնակցել փետրվարի 9-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։ Նա հավաստիացրել է, որ ԿԸՀ֊ն կստեղծի բոլոր պայմանները Ղարաբաղի հայերի ազատ կամարտահայտման համար։
Պանախովը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես և որտեղ են Ղարաբաղի հայերն ընտրելու։
Իրավական ոլորտի փորձագետ Ալեսկեր Մամեդլին նշել է, որ ԿԸՀ֊ի այս հայտարարությունը գործնականում անիրագործելի է։
Իրավական տեսանկյունից, օկուպացված տարածքները համարվում են միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս, սակայն տեղի բնակիչները չունեն ադրբեջանական քաղաքացիությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, որոնցով կարող են մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիների ցանկության դեպքում էլ չկան ընտրատեղամասեր։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում մեկնաբանել է Մազահիր Պանախովի հայտարարությունը․
«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»։
#Azerbaijan CEC stated that #Karabakh ppl can take part in Az elections.
I’m excited w/ this magnanimity!
Instead think of #Armenophobia, domestic #HumanRights & your #democracy level.
Sure that Az ppl will be allowed to take part in #ArtsakhElections20 if get our citizenship.— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) February 6, 2020
Հիշեցնենք, որ Ղարաբաղում խորհրդարանական և նախագահական ընտրությունները սպասվում են ապրիլին։ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին: