Փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես, սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն:
«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են», – մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ։