Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին ու նրա ընկերուհին (անունը չի նշվում) Փարիզում ձերբակալվել են՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ, քաղաքապետի թեկնածու Բենջամին Գրիվոյի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ հրապարակելու մեղադրանքով։ Գրիվոն այդ տեսանյութի պատճառով ստիպված է եղել հրաժարվել թեկնածությունից։
Տեսանյութերը համացանցում հայտնվել են այս շաբաթ։ Պավլենսկու խոսքով, իրեն այդ ձայնագրություններն ուղարկել էր Գրիվոյի սիրուհին։
Հոլովակները հրապարակելով, Պավլենսկին նպատակ ուներ բացահայտել «ավանդական ընտանեկան արժեքներ քարոզող» ֆրանսիացի գործչի երեսպաշտությունը։
Արվեստագետին ու նրա ընկերուհին ձերբակալվել են ուրիշի անձնական կյանք ներխուժելու և առանց համաձայնության սեռական բնույթի լուսանկարներ տարածելու մեղադրանքով։ Քննությունը սկսվել է Գրիվոյի դիմումի հիման վրա։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն, ոստիկանությունը Պավլենսկուն ու նրա ընկերուհուն կարող է կալանքի տակ պահել 48 ժամից ոչ ավել։
Արվեստագետը ձերբակալվել էր դեռևս շաբաթ օրը, միանգամայն այլ գործով։ Պատճառը սկանդալով ավարտված երեկույթն էր, որին մասնակցում էր նաև Պավլենսկին։ Երեկույթի մասնակիցներից մեկի վկայությամբ, նա դանակով սպառնացել է հյուրերից ոմանց։ Mediapart-ի փոխանցմամբ, արդյունքում տուժել է երկու հոգի։
Երեկույթի կազմակերպիչ, փաստաբան Ժուան Բրանկոն, ում հետ Պավլենսկին խորհրդակցել էր տեսանյութը հրապարակելուց առաջ, պնդում է, որ ոչ մեկ ոչ մեկի չի դանակահարել։ Ինքը՝ Պավլենսկին, ընդունում է, որ մասնակցել է վիճաբանությանը, բայց դանակով ոչ մեկին չի սպառնացել։
Տեսանյութերի հետ կապված քննությունը իրականացնելու նպատակով, ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել ա Պավլենսկու կալանքը դանակահարության գործով։
Փարիզի ռուսական դեսպանատանը հայտնեցին, որ Պավլենսկու հետ կոնտակտներ չունեն, բայց դիմելու դեպքում իհարկե գործին կմիջամտեն, ինպես «Ռուսաստանի ցանկացած քաղաքացու դեպքում», գրում է ՏԱՍՍ֊ը։։
Պավլենսկին Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացել էր 2017 թվականին։ Փախստականի կարգավիճակ ունեցողները հիմնականում խուսափում են ռուսական իշխանությունների հետ կապերից։
Պավլենսկին ընդդեմ Գրիվոյի
Տեսանյութերի հրապարակումից հետո Գրիվոն հանել է իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններից։ Այդ ժամանակ նրա հաղթանակի շանսերը բարձր չէին, բայց նա վայելում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը։
Գրիվոյի նկատմամբ հարձակումները երկրում քննադատության արժանացան, այդ թվում նաև նրա քաղաքական հակառակորդների կողմից։
Տեսանյութը հրապարակվել էր ոչ հայտնի կայքում՝ Գրիվոյի քաղաքական ամբիցիաների ցանկի հետ։ Նյութին կցված էին նաև սքրինշոթեր մի աղջկա հետ ինտիմ խոսակցությունից։
«Սա դեռ սկիզբն է»
Պյոտր Պավլենսկին 2013 թվականին ամորձիները մեխել էր Կարմիր հրապարակի սալիկներին։ Ռուսաստանում նրան մեղադրանք էին առաջադրել սեռական բռնության հոդվածով։ Նա լքել էր երկիրն ու քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում։ Արվեստագետը մեղադրանքը չի ընդունում։ 2015-ի նոյեմբերին Պավլենսկին այրել էր Լուբյանկայի Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը, 2017֊ին՝Փարիզի կոնտրոնական բանկի դուռը։
LCI ալիքին տված հարցազրույցում Պավլենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում սահմանափակվել Գրիվոյով։ Նրա կարծիքով, քաղաքական գործիչները պետք է ճիշտն ասեն, և ինքը պատրաստվում է շարունակել իր պայքարը պրոպագանդայի և քաղաքական գործիչների պուրիտանության դեմ։