Home / Կանանց իրավունքներ / Մանկապարտեզները պատրաստ չեն տարիքային շեմի իջեցմանը

Մանկապարտեզները պատրաստ չեն տարիքային շեմի իջեցմանը

Երևանի մանկապարտեզներում իջեցվում է երեխաների հերթագրման տարիքային շեմը։ Նախկինում հերթագրումը սկսվում էր 3 տարեկանից։ Փետրվարի 10-ից հետո մայրաքաղի մանկապարտեզները կսկսեն հերթագրել նաև 2 տարեկանը լրացած երեխաներին։

Հերթագրումը, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, կիրականացվի և՛ մանկապարտեզներում, և՛ առցանց։

Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ է փոխվել համայնքային մանկապարտեզներում տարիքային շեմն իջեցնելուց առաջ։ Եվ ի՞նչ է փոխվելու՝ հետո։ 

Պարզվեց՝ առանձնապես ոչինչ։

Հերթերի հարցը մնում է չլուծված

Մսուր-խմբերի և դայակների քանակն ավելանալո՞ւ է։ Իսկ կենցաղային պայմանները ու տրամադրվող ծառայությունները հարմարեցվելո՞ւ են 2-ից 3 տարեկան երեխաների կարիքներին։ 

Epress.am-ի հարցերին պատասխանեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը․ «Այս առումով շատ բան չի փոխվել»։ Այսինքն՝ մսուր-խմբերի կամ դայակների ավելացում, տարածքների ընդլայնում՝ պայմանավորված կոնկրետ այս որոշմամբ, տեղի չի ունեցել։

Որոշ աշխատանքներ, ըստ Կարապետյանի, այնուամենայնիվ, իրականացվել են․ «Անցյալ տարի մանկապարտեզները մոտ 1000 երեխա ավել են ընդունել։ Կարծում ենք, որ այս տարի ևս մոտ 1000 նոր տեղ կբացվի»։ 

Հերթերի հարցը, այնուամենայնիվ, մնում է չլուծված։ Խոսքը հերթի մեջ գտնվող շուրջ 8 000 երեխայի մասին է, ասում է մամուլի խոսնակը։

Շեմի մեխանիկական իջեցումը, որը չի զուգորդվել տեղերի ավելացմամբ, չի ենթադրո՞ւմ, որ հերթերը ոչ միայն չեն քչանա, այլև կավելանան։ 

«Մինչ այս երեխայի 3 տարեկանը պետք է լրանար, որպեսզի նրան հերթագրեին։ Դա նշանակում էր, որ 3-ից 4 տարեկանն ընկած ժամանակահատվածում նոր-նոր հերթը կհասնի։ Հիմա այս որոշմամբ սահմանվեց, որ հերթագրվել կարող են՝ սկսած 2 տարեկանից։ Ակնկալվում է, որ 2-ից հերթագրված երեխաների հերթը ավելի շուտ կհասնի», – ասում է պաշտոնյան։

Մանկապարտեզներն ունեն իրավունք, բայց չունեն պայմաններ

Հունվարի 13-ին ԱԺ մշտական հանձնաժողովում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ խնդրին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի։ Հարությունյանն ասել էր, որ նախատեսվում է իջեցնել մանկապարտեզների տարիքային շեմը, և նշել՝ տեսականորեն նախադպրոցական ծառայությունների մատուցումը կարելի է սկսել 0 տարեկանից։ 

ԿԳՄՍ նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք տարիքային շեմն իջեցնելու և նախադպրոցական ծառայությունների մատուցումը 0 տարեկանից սկսելու մասին նախարարի հայտարարությունները զուտ տեսական բնույթ են կրում։ Նախարարության համապատասխան բաժնի պետ Սյուզաննա Մակյանը պատասխանեց՝ և այո, և ոչ։

Մակյանի խոսքով, նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, ուղղակի ամրագրում է թույլատրելիի սահմանները։ Ե՛վ գործող օրենքով, և՛ առաջարկվող նախագծով համայնքային և մասնավոր մանկապարտեզները իրավունք ունեն նախադպրոցական ծառայություններ մատուցել 0-ից մինչև 6 տարեկան երեխաներին։ Որքանով դա կիրագործվի՝ որոշում են քաղաքապետարանները և համայնքապետարանները, ոչ թե ԿԳՄՍ-ն․

«3 տարեկան երեխայի համար այլ միջավայր, այլ մոտեցումներ են անհրաժեշտ, 2-ի կամ 1-ի համար՝ այլ, նորածինների համար՝ այլ։ Որքանո՞վ է կոնկրետ մանկապարտեզը հարմարեցված այս կամ այն տարիքային խմբի համար։ Դա նախարարությունը չի որոշում․․․»։

Մայրերի զգալի մասը, ասում է պաշտոնյան, հնարավորություն չունեն մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը մնալ տանը և զբաղվել նրա խնամքով․ «Մենք՝ որպես պետություն, պետք է հաշվի առնենք դա, պետք է պայմաններ ստեղծենք․ նախարարությունը՝ բովանդակության և քաղաքականության առումով, համայնքները՝ կազմակերպման,  անհրաժեշտ հարմարեցումներն ապահովելու առումով»։

Համայանքային մանկապարտեզների երկու տասնյակ և ավել երեխաներից բաղկացած խմբերում որպես կանոն աշխատում է ընհամենը երկու դայակ։ Անհատական մոտեցում՝ կախված կոնկրետ երեխայի առանձնահատկություններից և տարիքից, շատ հաճախ չկա։

Աշխատող մայրերի երեխաների խնամքի հոգսերը կիսելու մասին խոսակցությունները՝ «պետությունը պետք է պայմաններ ստեղծի», ամեն դեպքում մնում են հայտարարությունների մակարդակում։

Հայաստանում գործող համայնքային մանկապարտեզների մեծ մասը չի ընդունում և հարմարեցված էլ չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար։ Հերթագրման տարիքային շեմի մեխանիկական իջեցումը, ըստ էության, այս իմաստով առանձնապես բան չի փոխում։