Թուրքիայում դատարանը արդարացրեց 2013 թվականին Գեզիի այգու բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրվող քաղբանտարկյալներից իննին։ Նրանցից 63֊ամյա Օսման Կավալան միակն էր, ով անազատության մեջ էր դատարանի վճռին սպասում․ երկու տարի անց է կացրել Silivri խիստ ռեժիմի բանտում։ Արդարացման մասին որոշումից հետո նա նորից բերման է ենթարկվել՝ նոր մեղադրանքով։
Կավալային ազատ արձակելուց հետո հենց դատարանի դահլիճում կալանավորման մասին նոր հրաման են ներկայացնում՝ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Այդ մեղադրանքով Թուրքիայում մի քանի տասնյակ մարդ այժմ անազատության մեջ է։
Երեկ՝ փետրվարի 18-ին, դատարանն անհիմն ճանաչեց 2013 թվականին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքը։ Դատախազը Կավալայի և ևս երեք մեղադրյալների համար ցմահ, իսկ մյուսների համար 15-20 տարվա ազատազրկում էր պահանջել։
2019-ի դեկտեմբերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Թուրքիայից պահանջում էր ազատ արձակել Կավալային, բայց նա մնում էր անազատության մեջ։ Այս տարվա հունվարին դատարանը որոշեց, որ Կավալայի ձերբակալությունը պետք է երկարաձգվի․ այդ ժամանակ նա Silivri խիստ ռեժիմով բանտում անց էր կացրել ավելի քան 800 օր։
Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Սինկլեր֊Ուեբը Կավալայի ազատ արձակման մասին դատավճռի մասին Ռեյթեր լրատվական գործակալության հարցին պատասխանելիս ասել է, որ այդ դատական պրոցեսը պետք է առհասարակ չլիներ․ «Կեղծ պրոցես է։ Թուրքիայի դատական համակարգը աբսուրդի թատրոն են սարքել»։
Ցույցերն ու ձերբակալությունը
2013-ին Օսման Կավալան մասնակցել է Ստամբուլի Գեզի այգու ցույցերին։ Բնապահպանական բողոքի ակցիան տարածվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում, մարդիկ խոսքի ազատություն էին պահանջում։
Լրագրող Քրիստոֆեր դե Բելլեգի խոսքով, Թուրքիայում Գեզի այգու հետ կապված ավելի քան հինգ հազար բողոքի ակցիա է իրականացվել, որոնց մասնակցել է ավելի քան 3.5 մլն մարդ։ Չորս ցուցարար և մեկ ոստիկան սպանվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ ժամանակ վարչապետի պաշտոն էր զբաղացնում, ցուցարարներին ծայրահեղականներ է անվանում ու խոսում ահաբեկչական խմբավորումների հետ նրանց կապի մասին։ Այնուամենայնիվ համաձայնում է անձամբ հանդիպել նրանց հետ։ Կավալային Էրդողանը մի քանի անգամ «Ջորջ Սորոսի գործակալ» է անվանում։
Ինքը՝ Կավալան, իրեն առաջադրված մեղադրանքներն աբսուրդ է համարում։ Պատմում է, որ պարզապես ռեսպիրատորներ ու ուտելիք էր տանում երիտասարդ ակտիվիստների համար։